«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բացահայտվել է Լուսնի վրա «առեղծվածային տան» գաղտնիքը

08/01/2022

Պարզվել է, որ Ֆոն Կարման խառնարանի առեղծվածային օբյեկտը, որը լուսանկարել է չինական «Յույտու-2» լուսնագնացը, փոքրիկ քար է։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNet-ը։

Օբյեկտի առաջին պատկերները հայտնվել էին դեկտեմբերի սկզբին։ Լուսանկարի դիրքից թվում էր, թե հեռվում Լուսնի մակերեսին մի օբյեկտ կա, որը տուն է հիշեցնում։ Հաղորդվել էր նաեւ, որ «Յույտու-2»-ին մի քանի ամիս կպահանջվի հորիզոնում գտնվող տարօրինակ օբյեկտին հասնելու համար:

Չինական լուսնագնացից արված նոր լուսանկարները, որոնք հրապարակել է տիեզերական լրագրող Էնդրյու Ջոնսը, ցույց են տվել, որ «առեղծվածային տունը» սովորական քար է, որը ընկած է խառնարանի եզրին։

«Յույտու-2» լուսնագնացը վայրէջք է կատարել Ֆոն Կարման խառնարանի մոտ 2019 թվականին «Չանգե-4» առաքելության ժամանակ՝ դառնալով առաջին լուսնագնացը Լուսնի հակառակ կողմում։ Վերջերս նրա օգնությամբ գիտնականները տվյալներ էին ստացել լուսնային թիկնոցի կազմության վերաբերյալ։