«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն. Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

24/01/2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ սահմանադրագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունն ուզում է փոխել, որ ամրագրի Արցախի կորուստը եւ կատարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը՝ հրաժարվելով նաեւ ցեղասպանության պահանջատիրությունից: Բանն այն է, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը, Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։

Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով եղել է նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Հռչակագիրն ընդունողներից մեկը, մեզ հետ զրույցում ասում է, թե պարտադիր չէ, որ նոր Սահմանադրությունը հղում անի Անկախության հչակագրին։ 

- Պարոն Աղազարյան, ինչո՞ւ է Հայաստանին նոր Սահմանադրություն պետք, եթե խորհրդարանական կառավարման մոդելը չի փոխվելու։ Որպես ԳԽ պատգամավոր՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ նոր Սահմանադրության մեջ մեր հարեւանների պահանջով այլեւս հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որ հանգիստ ստորագրեն խաղաղության պայմանագիրը։

- Նոր Սահմանադրության ընդունումն ամենեւին չի նշանակում Հռչակագրի չեղարկում։ Եթե հիշում եք՝ հեղափոխությունից ամիսներ հետո նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, հանձնաժողով ստեղծվեց, ինքս էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էի ներկայացրել, բայց կորոնավիրուս, պատերազմական գործողություններ, գործընթացն առկախվեց, հիմա կրկին ակտիվացվում է, եւ անհրաժեշտություն կա նոր Սահմանադրության։ Քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը, եթե չեմ սխալվում՝ վերջին փոփոխությունը 2015-ին էր, ինչո՞ւ այդ ժամանակ հարցեր չառաջացան, իսկ հիմա ասում եք՝ Հռչակագրից եք ուզում ազատվել, Ալիեւն է պարտադրում եւ այլն։

- Անկախության հռչակագիրն է մեր պետության, այսպես կոչված, ծննդյան վկայականը, այդ Հռչակագիրն է բնորոշում, թե ինչ պետության հետ գործ ունենք, հիմա դուք ուզում եք ասել, որ Հռչակագրին կարող ենք նաեւ հղում չկատարե՞լ։

- Կարծում եմ՝ պարտադիր չէ նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, որովհետեւ Հռչակագրի կարեւոր կետերից մեկն այն է, որ անկախ պետության հիմքն է դրվում, բայց որ ասում եք՝ որ պետության, այդ պետությունը ստեղծվել է, Հռչակագրից հետո անկախության հանրաքվե է եղել, անկախության գործընթացն էլ մինչ օրս շարունակվում է, եւ նոր Սահմանադրության նպատակն այն է, որ պետության ամրապնդման եւ կայացման գործընթացը դրվի ավելի լավ հիմքերի վրա։

- Հռչակագիրը միայն քաղաքական փաստաթուղթ չէ, այն նաեւ իրավական է, որի վերջին կետն ասում է, որ դու ոչ մի օրենք, Սահմանադրություն չես կարող փոխել, ես՝ Հռչակագիրս, պետք է հիմք հանդիսանամ դրանք փոխելու ժամանակ։

- Ես չգիտեմ՝ հղում կարվի, թե ոչ, բայց ինքս գտնում եմ, որ դա պարտադիր չէ, որովհետեւ եթե հղում անենք, նշանակում է պետք է շարունակենք Արցախի հարցի լուծման այն ճանապարհը, որ սկսեցինք այն ժամանակ, իսկ դա մեզ պետք չէ, դա անցած էտապ է։ Ցեղասպանության հետ կապված էլ՝ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից բացի, եթե չեմ սխալվում, բոլոր երկրները ճանաչել են։ Եվ, ուրեմն, էլ ի՞նչ պետք է անել։

- Ամենակարեւորը՝ Թուրքիան չի ընդունում, իսկ մենք պիտի այդ հարցում պահանջատեր լինենք։

- Թուրքիան, ինչ-ինչ հարցերից ելնելով, չի ընդունում, վաղը կարող է ընդունել։ Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն: Ինչի՞ պիտի պահանջատեր լինենք ուրիշ պետությունից, որն իր մեջ գտնվող մի ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն, մենք նման պահանջատիրություն, որպես պետություն, չենք կարող ցուցաբերել, նման իրավական հիմք չունենք` դատապարտել, կոչ անել Թուրքիային՝ կարող ենք, բայց ոչ ավելին, Թուրքիան էլ կարող է վաղն ընդունել այդ փաստը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։