«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը

21/12/2023

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազն ակնարկել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատական նիստերի օրը վատանում է։ «Գագիկ Խաչատրյանը գալիս է դատարան, նիստը բացում են, իրեն լավ չի զգում, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ այստեղ դատարանի կողմից էլ դիտավորություն չկա։

Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց։ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»,- ասել է Աննա Վարդապետյանը և նշել, որ թվերն այնքան մեծ են՝ չի կարողանում մտապահել։

Մի շարք գույքեր, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ըստ Վարդապետյանի, ևս կասկածելի ծագում ունեն, և դատախազությունը հայցեր է ներկայացրել՝ դրանք բռնագանձելու։

Աննա Վարդապետյանը հարցազրույցը եզրափակել է՝ հայտարարելով, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան։