«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

61 օր անհայտության մեջ գտնվող քաղաքացիները թաքնվել են անտառում. մանրամասներ

22/12/2020

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացիական անձինք`  հայր և որդի Միքայել ու Գեղամ Պետրոսյանները, 61 օր գոյատևել են անտառում: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նրանք Հադրութի բնակիչներ են: Որդին՝ Գեղամ Պետրոսյանը, հմուտ որսկան է: Տեղանքի իմացությունը նրան հնարավորություն է տվել անտառում թաքստոց գտնել և այնտեղ տեղափոխել նաև հորը: Գեղամը պատմել է, որ անձամբ լավ գիտեր Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքի անվտանգ ճանապարհը, սակայն հայրը տեղաշարժման խնդիրներ ուներ: Ուստի ստիպված են եղել անտառային թաքստոցում պատսպարվել և սպասել փրկարարներին:

Այս ընթացքում գոյատևելու համար որդին  կարողացել է մոտակա  գյուղ հասնել՝  սնունդ՝ մասնավորապես պահածոներ, հայթայթելու համար»,- մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտ և այժմ բժիշկների վերահսկողության տակ են: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել:

1Lurer.am