«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծնվել է զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի որդին՝ Արեգը

17/04/2021

Ապրիլի 14-ին ծնվել է զոհված զինծառայող Ավետիս Ավետիսյանի որդին, որին անվանել են Արեգ։ Այս մասին մեզ զանգահարեց և հայտնեց Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Արմենուհի Ավետիսյանը, և ինչպես ինքն էր ասում, ցանկանում են իր թոռան ծնվելու մասին լուրով ուրախությամբ կիսվել ամբողջ աշխարհի հետ։
Ավետիս Ավետիսյանն ու փոքրիկի մայրը՝ Ռաիսա Սարգսյանը ամուսնացել էին 2020 թվականի օգոստոստին՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ ամիս առաջ։ Որդու անունը հենց Ավետիսն էր ընտրել։
Ավետիսյանների ընտանիքի պատմությանը մենք անդրադարձել էինք մեկ ամիս առաջ։ Նրանք ապրում էին Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում, եղել են այդ համայնքի առաջին բնակիչներից, տեղափոխվել էին Գյումրիից։ Սեպտեմբերի 30-ին ընտանիքով դուրս են եկել գյուղից, սակայն Արմենուհի Ավետիսյանի ամուսինը՝ Հմայակ Ավետիսյանը, որոշել է մնալ, իսկ 30-ամյա Ավետիս Ավետիսյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Հադրութի զորամասում։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութի դիրքերում։
Իսկ ընտանիքի հորը՝ 55-ամյա Հմայակ Ավետիսյանին սպանել են գյուղ ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները։ Նրա մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերի 4-ին իր տան նկուղի դիմաց կախված վիճակում՝ մարմնի վրա ֆիզիկական բռնության և հրազենային վնասվածքի հետքերով:
Արցախից տեղափոխվելուց հետո մինչև վերջերս Արմենուհի Ավետիսանը իր հարսի, կրտսեր որդու, դուստրերի և դստեր երեք անչափահաս որդիների հետ բնակվում էր տալի տանը՝ Նորքի 4-րդ զանգվածում՝ երեք սենյականոց բնակարանում՝ տալի և նրա որդու հետ։ Սակայն այժմ նրանք երեք սենյականոց բնակարան են վարձակալել Նորքի 5-րդ զանգվածում և ապրում են այնտեղ։
hetq.am