Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։ Ալիևը պատճառաբանել է, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։
«Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է», - ըստ Բաքվի՝ ասել է Ալիևը՝ ամերիկացի պաշտոնյային տեղեկացնելով, որ անցած 100 օրերին ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ապահովել են ավելի քան 4700 մեքենաների անցումը։
Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է, թե վերջին շաբաթներին հայկական կողմը, չարաշահելով Եվրամիության առաքելության տեղակայումը, միտումնավոր սրում է իրավիճակը, խախտում հրադադարը։ Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան և ենթակառուցվածքները»։
Վաշինգտոնը հեռախոսազրույցի մասին դեռ չի հայտնել։ Բաքուն հաղորդում է, որ այն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:
Երեկ էլ պետքարտուղար Բլինքենը զանգահարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։