«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իս­րա­յե­լի ան­բա­րո պահ­ված­քը բա­ցատր­վում է Թուր­քի­ա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան, ռազ­մա­կան և առևտ­րա­յին կա­պե­րի վե­րա­բե­րյալ մտա­հո­գու­թյամբ»․ «Փաստ»

29/04/2021

«Փաստ» օրաթերթը գրում է 
«Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ հարցը, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կախված է օդում: Արդյո՞ք հնարավոր է, որ հրեա ժողովուրդը, որը ինքն է դարձել ցեղասպանության զոհ իր գոյության ընթացքում, ոչ մի անգամ հանդես չի եկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հայտարարությամբ, ինչպես դա արել են ավելի քան 30 երկրներ, և ինչը վերջերս արեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Պատասխանը դրական է՝ այո: Եվ դա այն դեպքում, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հենց լեհաստանցի հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինն է ստեղծել «ցեղասպանություն» տերմինը և հասել այն արգելող՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման:
Նրանից հետո «ցեղասպանություն» բառը օգտագործման հաճախականությամբ հավասարվել է «ռասիզմ» բառին և առաջ անցել «մարքսիզմից»: Լեմկինն առաջինն է ցիտել Հիտլերին, որը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին և նշել համաշխարհային հանրության կողմից հանցագործներին կանգնեցնելու և պատժելու անկարողությունը: Հիտլերի տրամաբանությունը պարզ էր. եթե աշխարհը լռում էր, երբ թուրքերը սպանում էին հայերին, ապա լուռ կմնա, եթե իրենք սպանեն հրեաներին: Եվ այդպես էլ եղավ: Իսրայելն ամեն տարի նշում է եվրոպական հրեաների Հոլոքոստի օրը՝ հիշելով ցեղասպանության 6 միլիոն զոհերին: Բայց հայկական սպանդի թեման մնում է տաբու: Այդ մասին կարող են բարձրաձայն խոսել հասարակ քաղաքացիները, բայց ոչ Կնեսետի անդամները կամ նախարարները: Ինչո՞ւ: Այդ առեղծվածին Ջերեմի Շարոնն է երկար հոդված նվիրել Jerusalem Post- ում:
Նա, հարցի պատմության վերաբերյալ հավաքելով բազում նոր տվյալներ, ընթերցողներին ներկայացել է որպես մի իրական հրեա Դոն Կիխոտ, որը երկար տարիներ մենամարտում է իշխանությունների հետ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հասնելու համար: Հայտնի փաստ է, որ 1,5 միլիոն հայերի եղեռնը, որոնց 19151917 թվականներին «երիտթուրքական» կառավարության հրամանով կոտորել են թուրք զինվորները, աշխարհում ընդունվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Հենց այդ օրինակի վրա է հիմնվել Լեմկինը՝ առաջին անգամ այն որակելով որպես ցեղասպանություն: Այնուամենայնիվ, այդ օրվանից մինչ օրս Թուրքիան շարունակում է մերժել իր պատասխանատվությունը և սպառնում է իջեցնել դիվանագիտական, քաղաքական և տնտեսական բնույթի կապերի մակարդակը այն երկրների համար, որոնք համարձակվում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ սպառնալիքները բավականին սթափեցնող ազդեցություն ունեն Իսրայելի վրա, քանի որ Թուրքիայի հետ բարենպաստ ռազմատնտեսական հարաբերությունները կարևոր են:
Ավելի պարզ ասած՝ թուրքերը Իսրայելի իշխանությունների համար ավելի կարևոր են, քան հայերը: Ընդ որում, այդ դիրքորոշումը չի փոխվում անգամ Թուրքիայի հետ սուր հակադրություններից, փչացած դիվանագիտական հարաբերություններից և Իսրայելի վրա նախագահ Էրդողանի կողմից պարբերաբար հնչող հարձակումներից հետո: Ըստ Շարոնի, Իսրայելում միակ մարդը, որ երկար տարիներ ձգտում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, հոգեբանության պրոֆեսոր Իսրայել Չարնին է: Վերջերս լույս է տեսել նրա «Իսրայելի արատավոր պատասխանը Հայոց ցեղասպանությանը» նոր գիրքը: 1949 թվականին Թուրքիան է դարձել այն առաջին մահմեդական պետությունը, որը ճանաչել է Իսրայելը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դա չի կարելի թերագնահատել. հետագա տասնամյակների ընթացքում Թուրքիան ռազմավարական նշանակություն է ունեցել Իսրայելի համար, նա եղել է միակ բարեկամն ու դաշնակիցը այն տարածաշրջանում, որը ոչ միայն լի է թշնամիներով, այլ նաև ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն: Թուրքիան Իսրայելին տրամադրել է օդային միջանցք դեպի Արևելք, ինչպես նաև համագործակցություն է իրականացրել պաշտպանության, առևտրի և զբոսաշրջության ոլորտում: Բայց սկսած 70-ականներից Իսրայելում հնչել են մտավորականների և հրապարակախոսների ձայներ, որոնք պահանջել են ցեղասպանության ընդունման բարոյական պարտքը գերադասել քաղաքականությունից: Եվ բոլորից ամենաբարձր հնչել է հենց պրոֆեսոր Իսրայել Չարնիի ձայնը: Պրոֆեսոր Չարնիի խոսքով, «պատկերը շատ պարզ է. Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Իսրայելի անբարո պահվածքը բացատրվում է Թուրքիայի հետ դիվանագիտական, ռազմական և առևտրային կապերի վերաբերյալ մտահոգությամբ, ինչը մի կողմ է մղել այն, ինչը պետք է դառնար բարոյական հրամայական հրեական պետության համար»:
Ինչպես Չարնին է ասում, «մենք հետապնդում ենք մեր սեփական շահերը, և դա առաջին արժեքն է, որի համար պետք է հոգ տանել, բայց դա ի հաշիվ նրա է, որը, ըստ հրեական ավանդույթի, ավելի կարևոր է. «Ձգտել արդարության և միայն արդարության...»»: Շարոնը նաև մեջբերում է Արևելագիտության դոկտոր և Թուրքիայի փորձագետ Հայ-Էիտան Կոեն-Յանարոկակի ավելի գործնական դիրքորոշումը: Նրա կարծիքով, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի ազգային շահերից չի բխում: «Ռեալպոլիտիկն իմ Աստվածաշունչն է, - ասել է Կոեն-Յանարոկակը,-և այդ տեսանկյունից Իսրայելը պետք է շատ զգույշ լինի և քայլեր չձեռնարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:
Նա ասում է, որ Իսրայելն ու Թուրքիան հավասարապես շահագրգռված են Սիրիայում իրանական ներկայությունը նվազագույնի հասցնելու հարցում, բացի դա, Անկարայի հետ հարաբերությունների բարելավումը կօգնի Իսրայելին Միջերկրական ծովում գազի հանքավայրերի ստեղծումը ընդլայնելու ջանքերում: Վերջապես, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության միակողմանի ճանաչումը կարող է վնասել նրա հարաբերություններին Ադրբեջանի հետ, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի և դաշնակից է Իսրայելին: Այնուամենայնիվ, պրոֆեսոր Իսրայել Չարնին պնդում է իր դիրքորոշումը և կոչ է անում զոհել «նեղ ազգային շահերը» հանուն հին հրեական բարոյականության պահպանման. «Մի՞թե դա այն դեպքը չէ, երբ էթիկական նկատառումները պակաս կարևոր չեն, քան ռեալպոլիտիկը»: Ավաղ, ամեն ինչում, ինչը վերաբերում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ներկայումս ձայն բարբառո անապատի է, որը ոչ ոք չի լսում: