«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմավիրցի տղամարդը թաքնվել է ննջասենյակում ու փորձել է խեղդել կիսապառկած կնոջը

09/07/2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենյակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

Արմավիր քաղաքի բնակչին սպանության փորձի և մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: