Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայում նախագահ Ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ նշված Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման ուղղությամբ առաջընթացի մասին հարցին։
«Ոչ միայն առաջընթաց կա, այլ նաև միջոցառման օրն է նշանակված: Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի»,- ասել է նա: