«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրահանձնաժողովն առաջարկել է գործարք կնքել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ՝ գազի ներկրումն ավելացնելու համար

09/06/2022

Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է գործարք կնքել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ՝ Միջերկրական ծովի արեւելքից բնական գազի ներկրումն ավելացնելու համար, ասվում է փաստաթղթի նախագծում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։

Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը դեռ ենթակա է փոփոխման եւ պետք է հաստատվի համապատասխան կառավարությունների կողմից, Ռուսաստանից հանածո վառելիքի ներկրումը նվազեցնելու ԵՄ ջանքերի մի մասն է:

«Բնական գազը, որը մատակարարվում է Եվրամիություն, կգա կամ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից, Իսրայելի Պետությունից կամ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ցանկացած այլ աղբյուրից, այդ թվում՝ այդ տարածաշրջանի ԵՄ անդամ երկրներից»,- ասվում է ինը էջանոց փաստաթղթում։

ԵՄ-ն հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր է մինչեւ ամառ եռակողմ համաձայնագիր կնքել Եգիպտոսի եւ Իսրայելի հետ, սակայն նախագծի մանրամասները չեն բացահայտվել։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հաջորդ շաբաթ կայցելի Կահիրե։

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել համաձայնագրի նախագիծը եւ այն հարցը, թե արդյոք ֆոն դեր Լյայենի ուղեւորությունը կարող է տեղի ունենալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

Համաձայնագրի նախագծում սահմանվում են երեք գործընկերների միջեւ ընդլայնված համագործակցության սկզբունքները, սակայն չի նշվում, թե որքան գազ է ներկրելու ԵՄ-ն, եւ մատակարարման ժամկետներ չեն սահմանվում:

Փաստաթղթում ասվում է, որ առաքումները կներառեն Եգիպտոսի հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ենթակառուցվածքի օգտագործումը՝ նշելով բնական գազի տարածաշրջանային հանգույց դառնալու հյուսիսաֆրիկյան երկրի պլանը:

Փոխըմբռնման հուշագիրը կգործի ստորագրման օրվանից ինը տարվա ընթազքում, ասվում է փաստաթղթում, թեեւ այս մասը դեռ փակագծերում է, ինչը ցույց է տալիս, որ այն ավելի հավանական է, որ փոխվի, քան մյուս կետերը։

Եգիպտոսն արդեն համեմատաբար փոքր քանակությամբ գազ է արտահանում ԵՄ, եւ երկու կողմերն էլ ակնկալում են առաջիկա տարիներին ավելացնել արդյունահանումն ու արտահանումը։

Ըստ Refinitiv Eikon-ի՝ Եգիպտոսն անցյալ տարի արտահանել է 8,9 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2022 թվականի առաջին հինգ ամիսներին՝ 4,7 միլիարդ խորանարդ մետր ՀԲԳ, չնայած դրա մեծ մասն արտահանվում է Ասիա:

Իսրայելը մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել իր գազի արդյունահանումը մինչեւ տարեկան մոտ 40 միլիարդ խորանարդ մետր, քանի որ նա ընդլայնում է նախագծերը եւ նոր հանքավայրեր շահագործում, ասում են ոլորտի պաշտոնյաները: Իսրայելը հայտարարել է, որ հույս ունի գործարք կնքել Եվրոպա գազ մատակարարելու համար, ինչպես նաեւ քննարկում է գազատարի կառուցումը՝ Եգիպտոս ավելի շատ գազ արտահանելու համար:

Ըստ համաձայնագրի նախագծի՝ Եգիպտոսը կկարողանա ԵՄ կամ այլ երկրներ տեղափոխվող գազի մի մասը գնել եգիպտական ենթակառուցվածքի միջոցով, ասվում է փաստաթղթում, եւ այն կարող է օգտագործել սեփական սպառման կամ արտահանման համար։

Կողմերը «կաշխատեն միասին՝ փոխըմբռնման հուշագրի նպատակն իրականացնելու համապատասխան ուղիներ եւ միջոցներ սահմանելու համար, որպեսզի արագացնեն բնական գազի արտահանումը ԵՄ»,- ասվում է փաստաթղթում։