12 երկրների զինվորականներ ժամանել են Ռուսաստան` մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին

Տասներկու երկրներից զինվորականներ ժամանել են Ռուսաստան` մասնակցելու հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսին: Այս մասին «Կարմիր աստղ» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, որը գլխավորելու է զորահանդեսը:

Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասին է:

Սպասվում է, որ զորահանդեսին կմասնակցի ավելի քան 13 000 զինվորական, կներգրավվի 234 միավոր ժամանակակից և պատմական ցամաքային ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկերի աջակցության «Տերմինատոր» ռազմական մեքենաներ, «Կոալիցիա-ՍՎ» և «Մստա-ՍՄ» ինքնագնաց հաուբիցներ, Տ-90Մ և «Արմատա» տանկեր, «Բուկ-Մ3», «Տոր-Մ2» և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև 75 ինքնաթիռ ու ուղղաթիռ:

Հանդիսատեսը կտեսնի նաև 1945 թվականի հունիսի 24-ի պատմական զորահանդեսի որոշ տարրեր: Օրինակ` զորահանդեսի սկզբում կկատարվի «Հոբելյանական երթը»: Զորահանդեսի նվագախումբը կազմված կլինի 900 երաժիշտներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը որոշել էր հետաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մայիսի վերջին նա զորահանդեսը նշանակել էր հունիսի 24-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ հոբելյանին նվիրված զորահանդեսին:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am