«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վայքում որոշիչ կլինի «Ազատական»-ի որոշումը․ վերջինը հակված է կոալիցիա կազմել ոչ թե «Հանրապետության», այլ ՔՊ-ի հետ

06/12/2021

Վայոց ձորի մարզի Վայք համայնքում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առավելագույն թվով ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36․60%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 31․90%, «Ազատական» կուսակցությունը՝ 17.52%, իսկ «Հայրենիք»-ը՝ 13․96%:

Ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու, Վայքի համայնքապետի գործող պաշտոնակատար Մխիթար Մաթեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մտադիր են կոալիցիա ձեւավորել «Ազատակա» կուսակցության հետ, բայց դեռ հստակ քննարկումներ չեն ունեցել։

«Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Կառլեն Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ պահին քաղաքական որեւէ ուժից կոալիցիա ձեւավորելու առաջարկ չեն ստացել։

«Դեռ մեկ օր է անցել, սպասում ենք քաղաքական ադեկվատ ուժերի արձագանքին։ Ավագանու 5 պորտֆել մենք ունենք՝ ըստ ընտրությունների արդյունքների, 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 3-ը, եթե չեմ սխալվում, «Ազատական» կուսակցությունը, 2-ն էլ՝ «Հայրենիք»-ը։ Եթե մենք լինենք առաջարկողի դերում, պետք է, բնականաբար, առաջարկենք կա՛մ «Ազատական»-ին, կա՛մ «Հայրենիք»-ին, բայց քանի որ վերջինը 2 պորտֆել ունի, միայն «Ազատական»-ով կարող է որոշվել հարցը, որովհետեւ վերջինի հետ կոալիցիա կազմելու դեպքում միայն կարող է մեծամասնության համար անհրաժեշտ 8 պորտֆելը ձեւավորվել»,- նշեց Մինասյանը։

Հարցին՝ արդյո՞ք պատրաստ են համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ, «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն նկատեց․ «Ցանկացած առողջ ուժի հետ, որը կնպաստի քաղաքի զարգացմանը, պատկերացնում ենք համագործակցությունը։ Մի քիչ իրատեսական չէ հիմա ՔՊ-ի հետ համագործակցությունը, որովհետեւ թե՛ մենք 3 պորտֆել ունենք, թե՛ ՔՊ-ն, այսպես թե այնպես, երկուսս էլ իշխանության ենք ձգտելու։ Հիմա «Ազատական»-ը պետք է որոշի՝ ում հետ է կոալիցիա կազմելու, եւ գիտի նաեւ մեր դիրքորոշումը։ Չեմ կարողանում հավատալ, որ «Ազատական»-ը՝ ի դեմս Բաբայան Սիմոնի, կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ։ Առաջիկայում, կարծում եմ, կլինեն հանդիպումներ, փոխադարձ առաջարկներ կլինեն, այս պահին «Ազատական»-ի դիրքորոշումն է կարեւոր»,- նշեց Մինասյանը։

Իսկ «Ազատական» կուսակցության համայնքապետի թեկնածու Սիմոն Բաբայանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հակված են կոալիցիա ձեւավորել «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

«Դեռ որոշում չունենք, հարցը քննարկվում է դեռ։ Ամենայն հավանականությամբ, կոալիցիա կկազմենք «Քաղաքացիական պայմանագրի» հետ, որովհետեւ իրենց թիմը, ավագանու կազմը նորմալ ժողովուրդ են, մեր նպատակը մեկն է՝ նորմալ համայնք սարքենք, որպեսզի ժողովուրդը կարողանա իրեն ավելի ապահով զգալ, եւ պատկերացնում ենք, որ դա ՔՊ-ի հետ կարող ենք անել»,- նշեց «Ազատական» կուսակցության թեկնածուն։