«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելը. Իրանցի նախարար

24/10/2023

Մեկօրյա ծրագրի ընթացքում մենք կարողացանք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ ունենալ հայ պաշտոնյաների հետ. մասնավորապես էկոնոմիկայի նախարարի եւ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

«Հարցերը, որ մենք քննարկեցինք, վերաբերում էր տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի տարբեր հատվածների իրականացման գործընթացներին, եւ նաեւ Հայաստանի մուտքին Կասպից ծով: Սա շատ կարեւոր այց էր»,-ասաց նա:

Իրանցի նախարարի խոսքով, շատ կարեւոր էր, որ իրանական ընկերություններից մեկը կարողացավ պայմանագիր ստորագրել հայկական կողմի հետ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հատվածներից մեկի կառուցման հետ կապված. «Դա կարեւոր փաստաթուղթ է եւ շատ լավ հնարավորություն է իրանական ընկերությունների համար, քանի որ իրանական ընկերությունները ճանապարհաշինության ոլորտում ունեն շատ հարուստ փորձ եւ կկարողանան իրենց փորձը ներդնել ճանապարհաշինության ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները կարող են իրենց մասնակցությունն ունենալ միմյանց ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշը ընդգծեց, որ կարեւոր հարցերից մեկը, որ քննարկվեց հայ պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերաբերում էր ճանապարհավճարների զրոյացմանը. «Դա լավագույնս կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի տարածքում մի շարք դպրոցների կառուցման հետ կապված: Առաջիկա ամիսների ընթացքում կիրականացվի ծրագրերի մի մասը»:

Իրանցի նախարարը հավելեց, որ հարցերից մեկը վերաբերել է տրանսպորտի ոլորտին, նաեւ բեռնատարների երթեւեկության հարցին. «Քննարկվեց նաեւ Արաքս գետի վրա նոր կամուրջ ստեղծելու հարցը: Իհարկե, կողմերը պետք է կարողանան այդ ուղղությամբ առջիկա ամիսների ընթացքում վերջնական պայմանավորվածության գալ:

Մյուս կարեւոր հարցը վերաբերում էր բանկերի կողմից տրամադրվող տրվող երաշխիքներին, ինչը կհեշտացնի ՀՀ-ում իրանական ընկերությունների գործունեությունը: Պարոն Նախարարն ինձ խոսք տվեց, որ այդ ուղղությամբ ներկայացուցիչ կնշանակեն, որ հետամուտ լինի յդ հարցին»,-ասաց նա:

Մեհրդատ Բազրփաշն ընդգծեց, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ երկիր է. «Երբեւէ Հայաստանի կողմից մեզ վնաս չի եղել: Մեր հիմնական դիրքորոշումը միշտ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելը: Խաղաղությունը շատ կարեւոր է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է լավ խթան լինել տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-ասաց իրանցի նախարարը:

Հարցին, թե արդյոք Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող նոր կամրջի կառուցումը կարող է դիտրկվել որպես «Զանգեզուրի միջանցքը» ուժով բացելու Ադրբեջանի մտդրությունները զսպելու Իրանի քաղաքականության մի մաս, նա պատասխանեց. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանն իր հստակ դիրքորոշումը հայտնել է: Իրանը հանդիսանում է լոգիստիկ եւ տրանսպորտի ոլորտում հնարավորությունների երկիր: Մենք Հայաստանի համար ոչ մի ջանք չենք խնայի եւ պատրաստ ենք մեր փորձը կիսել հայկական կողմի հետ»: