«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանում ցուցարարները փորձել են կոտրել խորհրդարանի դարպասները

02/05/2024

Վրաստանում ցուցարարները փորձել են կոտրել խորհրդարանի ծառայողական մուտքի դարպասները, ինչից հետո ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Այս մասին հայտնում է newsgeorgia.ge կայքը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
«Այն բանից հետո, երբ ՆԳՆ ստորաբաժանումները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցները դրսևորել են ագրեսիա և փորձել վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դարպասները։ Կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ակցիայի ութ մասնակից վիրավորվել է  և հոսպիտալացվել։
«Տուժածները ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի և մարմնի տարբեր մասերի վնասվածքներ, ինչպես նաև թունավորում և շնչուղիների հետ կապված բարդություններ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հազարավոր մարդիկ մայիսի 1-ի երեկոյան հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով հետ կանչել «ռուսական» որակվող օրենքը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ բողոքող ցուցարարներին՝ միաժամանակ կոչ անելով չհավաքվել Վրաստանի խորհրդարանի դարպասների մոտ և դրանով իսկ չսադրել ոստիկանությանը։
«Կան բաներ, որոնք դուք չպետք է անեք, հանգիստ թողեք խորհրդարանի դարպասները: Հանգիստ թողեք այս դարպասը, այնտեղ ոչինչ չի լինում։ Այդ օրենքն այնտեղ արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և մեր պայքարը գնում է դեպի ընտրություններ, դեպի բոլոր այն օրենքները, որոնք վերջերս ընդունվել են այս իշխանությունների կողմից և մեզ հեռացնում են եվրոպական ուղուց»,- ասել է Զուրաբիշվիլին ուղերձում:
Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։