«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ արագիլները կրկին աղտոտվում են․ ո՞րն է աղտոտման պատճառը

07/08/2021

Մի քանի տարի շարունակ արագիլների աղտոտման խնդիրն արդիական է։ Ցայսօր չկան ստույգ տվյալներ և հիմնավորումներ, թե որն է Արարատյան դաշտում արագիլների աղտոտման պատճառը։ Այնինչ ահազանգերը ՝ թռչնատեսակի աղտոտման վերաբերյալ, դեռ շարունակվում են։

«Երիտասարդ արագիլները, որոնք կատարում են իրենց առաջին թռիչքը,  բարեհաջող չեն կատարում, քանի որ աղտոտված փետուրներն ամբողջովին իրար կպած են լինում։ Արդյունքում արագիլները հաճախ հայտնվում են փողոցում և դառնում ՝ տրանսպորտային միջոցների կամ թափառող շների զոհը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  կենսաբան, Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի համակարգող Լուսինե Աղաջանյանը։

Ի՞նչ նյութով են աղտոտվում արագիլները և ո՞րն է աղտոտման պատճառը, նույնիսկ միջազգային կառույցի ներկայացուցիչները, որոնք վերջին երկու տարին ուսումնասիրություններ են իրականացնում, ստույգ պատասխան չունեն։

«Մենք 2020 թվականից ենք սկսել արագիլների հաշվառումը։ Առաջիկայում կունենանք նաև այս տարվա տվյալները և կարող ենք հստակ ասել, թե ունենք արդյոք աղտոտված արագիլների թվի աճ , թե ՝ ոչ։ Բայց կարելի է ենթադրել, որ աճ կա»,- ասաց Աղաջանյանը։

Թեև հանրապետություն տարբեր մարզերում հանդիպում են սպիտակ արագիլները, օրինակ՝ Լոռիում, Արագոծոտնի մարզերում, բայց այդ մարզերում աղտոտման դեպքեր չեն գրանցվել։ Աղտոտվում են միայն Արարատյան դաշտում հանդիպող արագիլները։ Ավելի ստույգ ՝ NABU-ի նախորդ տարվա տվյալներով՝ արագիլների աղտոտվածությունը կենտրոնացած է Արարատի, Արմավիրի մարզերի և Երևանի  հատման հատվածում։

Անցած տարի իրականացվել է նաև աղտոտիչների ուսումնասիրություն։ Ինչպես հայտնեց Լուսինե Աղաջանյանը, փետուրների  լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ  փետրածածկի վրա նստած է տարբեր նյութերի խառնուրդներից բաղկացած նյութ։ Այն իր մեջ ներառում է բուսական յուղեր, սննդային կայունացուցիչներ և լվացող միջոցներ։ Այսուհանդերձ, դեռևս մասնագետները դժվարանում են հստակ ասել, թե որտեղ են աղտոտվում արագիլները։

«Այս պահին դեռ չկա հստակ պատասխան, թե որն է աղտոտման պատճառը։Ուսումնասիրությունները շարունակվում են։ Սակայն կան վարկածներ, դրանցից մեկը ձկնաբուծական թափոններն են, որոնց պատճառով  աղտոտվում են  դրենաժային և ջրային համակարգերը։  Արագիլներն էլ  սնվում են և հավանական է , որ այնտեղ էլ աղտոտվում են։ Երկրորդ տարբերակը՝ աղբավայրերն են, որոնք ևս աղտոտման աղբյուր են։ Ձկնաբուծարանների թափոններ կան աղբավայրերում և չի բացառվում, որ արագիլները դրանք ուտելիս են աղտոտվում են,քանի որ  աղբավայրերում թափոնները նորմալ չեն կառավարում։ Հաջորդ տարբերակը գետային համակարգի աղտոտվածությունն է։ Տարբեր գործարաններից թափոնները լցվում են ջրային համակարգեր՝ գետեր,ինչն էլ կարող է հանգեցնել թռչունների աղտոտմանը»,- նշեց կենսաբանը։

Ներկայացնելով խնդրի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները Աղաջանյանը տեղեկացրեց, որ այժմ թռչունների հավառում են իրականացնում։ Բացի դրանից իրականացնում են նմուշառում, որոնց մի խմբաքանակ ուղարկել են արտասահմանյան լաբորատորիա։ Նրա փոխանցմամբ ՝ հաջորդ շաբաթ կլինեն  հետազոտության պատասխանները։

«Ըստ տվյալների էլ, պարզ կլինի աղտոտիչ նյութի բաղադրությունը և   հնարավոր կլինի թիրախավորել այն արտադրությունները, որոնք գուցե կապ ունեն աղտոտման հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Արագիլների բների մոտ տեղադրել են տեսախցիկներ, իսկ թռչունների  վրա՝ GPS  համակարգեր, որոնց միջոցով կհետևեն թռչուններին։

Ինչ վերաբերում է պետական մարմինների այս ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս հայտնեց  ուսումնասիրությունների մասին։ Սակայն պետք է նշենք, որ արագիլների աղտոտման խնդիրը նոր չի ծագել։ Դեռ 2017 թվականից բարձրաձայնվել է խնդրի մասին, սակայն այս ընթացքում, քայլերն արվել են լոկ հայտարարությունների տեսքով։ Ինչի ապացույցն է, տարեց տարի ավելի շատ աղտոտվող արագիլների մասին ահազանգերը։ Նույնիսկ չկան տվյալներ, թե աղտոտված արագիլներից քանիսն են ողջ մնացել, իսկ քանիսը՝ սատկել։