«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանը կարող է տարածաշրջանային համագործակցության լուրջ խթան դառնալ․ «Հայաստանի Հանրապետություն»

03/07/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերջերս հայտարարեց, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկխոսությունը խթանելու համար: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն էլ նախօրեին Թբիլիսիում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ունի տպավորիչ դեր, որն այժմ խաղում է Վրաստանը տարածաշրջանում՝ օգնելով Ադրբեջանին եւ Հայաստանին հաղթահարել ռազմական գործողությունների հետեւանքները եւ բանակցություններ սկսել:
«Սա եզակի դեր է, որը կարող է խաղալ միայն Վրաստանը: Վրաստանն այն անում է իսկապես ստեղծագործաբար եւ էներգիայով: Մենք տեսնում ենք, որ նա օգնում է Ադրբեջանին եւ Հայաստանին միմյանց հետ խոսելու հարցում: Մենք գոհ եւ երախտապարտ ենք դրա համար»,- ասել է Ափաթուրայը: Վրաստանի հավասարակշռված պահվածքն Արցախյան հակամարտության ժամանակ, բնականաբար, գնահատելի է, բայց Հայաստանի հյուսիսային հարեւանը մեզ մեծ աջակցություն կարող է ցուցաբերել, եթե բացի Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին: Դրանով նպաստած կլիներ վերջին ժամանակների ամենախոշոր տնտեսական ծրագրին՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցին Հայաստանի եւ հենց Վրաստանի լիարժեք մասնակցությանը:
Այս կարեւորագույն տրանսպորտային հանգույցը կապելու է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքը Հնդկաստանի Նհավա-Շեւա նավահանգստին՝ ունենալով 7200 կիլոմետր երկարություն, որի զգալի մասն անցնում է Իրանի տարածքով: Այն իրավիճակում, երբ Վրաստանը շարունակում է փակած պահել Աբխազիայով անցնող երկաթգիծը, հավանականությունը մեծ է, որ Իրանից հյուսիս ճանապարհի հիմնական ենթակառուցվածքներն անցնեն Ադրբեջանի տարածքով: Իրանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանն արդեն  2004 թ. հիմնել են համատեղ բաժնետիրական ընկերություն՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության ճանապարհի կառուցման նախագիծն իրականացնելու համար: Երկաթգծի՝ Ադրբեջանով անցնելու դեպքում Իրանն ստիպված է լինելու կառուցել լրացուցիչ 300 կմ ճանապարհ:
Բաքվով անցնող ճանապարհն անհամեմատ ավելի երկար է լինելու, քան Իրանի Ջուլֆա կայարանից Նախիջեւան-Երեւան-Թբիլիսի-Սուխումի երկաթգծի հատվածի գործարկման դեպքում է: Այս հաղորդակցության ուղու լիարժեք օգտագործմամբ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ապրանքների տարանցման տարածությունն ու ժամանակը կկրճատվեն 40, իսկ ծախսերը՝ 30 տոկոսով: Ներկայիս հաղորդակցության հիմնական ուղով Հարավարեւելյան Ասիայից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցումն իրականանում է Սուեզի, Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով, իսկ  Հյուսիս-Հարավ միջանցքով ապրանքների փոխադրման դեպքում բեռնափոխադրման ժամանակը կկրճատվի 25 օրով, իսկ ծավալը տարեկան կարող է հասնել մինչեւ 20 միլիոն տոննայի:
Երկաթուղու աբխազական հատվածը գործարկելու դեպքում այդ տարածությունն էլ ավելի կկրճատվի: Արձանագրենք, որ Հյուսիս-Հարավի անդամներն են նաեւ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Օմանը եւ Սիրիան, իսկ Բուլղարիան որպես դիտորդ-անդամ է միացել ծրագրին»: