«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատգամավորներն առաջարկում են ժառանգության ընդունման կարգում փոփոխություններ կատարել

12/12/2021

Ազգային ժողովի պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը և Նարեկ Բաբայանը առաջարկում են լրացում կատարել Քաղաքացիական օրենսգրքում։

ՔՕ 1227-րդ հոդվածում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է 6 ամսվա ժամկետն անցնելուց հետո ժառանգությունը թույլատրել ընդունել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատուի անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում

Վերոնշյալ դեպքերում հնարավորություն կտրվի ժառանգներին ընդունել ժառանգություն ոչ թե անձի մահվան պահից վեց ամսվա ընթացքում, այլ մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նշված կարգավորումից հետևում է, որ օրենսդիրը ժառանգության ընդունման համար սահմանել է ժառանգության բացման օրվանից, այն է՝ ժառանգատուի մահվան օրվանից հաշվարկվող վեցամսյա ժամկետ:

«Միևնույն ժամանակ, ժառանգի կողմից ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հաստատապես հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այսպիսի իրավիճակ հատկապես առաջացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով»,-նշվումէ հիմնավորման մեջ: