Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հաջորդ նիստին կհետազոտվեն գործում առկա ապացույցները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի, նախ կհետազոտվեն գրավոր ապացույցները, փաստաթղթերը, այնուհետև կհարցաքննվեն վկաները և ամբաստանյալները։
Վահե Միսակյանն առաջարկեց հետազոտման գործընթացը սկսել հաջորդ դատական նիստին, քանի որ արդեն մոտենում էր աշխատանքային ժամի ավարտը:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 5-ին։
Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Նշենք, որ նախկին նախագահն ասել է, որ մեղավոր չէ. «Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում: Ես մեղավոր չեմ»:
Գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ Բարսեղ Բեգլարյանն ու Գևորգ Հարությունյանը, նույնպես իրենց մեղավոր չճանաչեցին: