«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերջին տարում առաջին պատերազմից 108 ադրբեջանական մարմին ենք փոխանցել, կփոխանցենք նաև երկուսի մարմինը. Նիկոլ Փաշինյան

09/02/2022

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Ադրբեջանի նախագահի առցանց հանդիպմանը։ «Քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը։ Այդ հանդիպումից հետո 8 հայ գերիներ վերադարձան հայրենիք։ Եվ ես ուզում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հնչեցնել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնին և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ գործադրած ջանքերի առիթով։

Բայց հանդիպումից հետո այսպիսի մի թյուրընկալում եղավ հետևյալի շուրջ։ Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի մասին և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին։ Եվ Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունենք շուրջ 4000 անհետ կորածներ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք։

Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այս հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին, եթե այս տերմինը ճիշտ է օգտագործել։ Եվ առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել։ Ընդ որում, այս թեմայով Հայաստանի աշխատանքը մենք սկսել ենք դեռևս 2020 թվականի մեկնարկին, երբ ԱԽ նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն։ Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել։

Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք 217 գտնվելու վայրն անհայտ անձ։ Եվ, այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ավելի վաղ չեն հրապարակել, որ այդքան մարմիններ են փոխանցել Ադրբեջանին, որովհետև դա հումանիտար հարց է, և միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա։ «Մենք շարունակելու ենք աշխատել, և հույս ունեմ, որ այս հարցում ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի»,- հավելեց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին՝ արդյոք գերիների փոխանակման հարցում սակարկություններ են տեղի ունենում։ «Մենք 108 մարմինները վերադարձրել ենք առանց նախապայմանի, որովհետև ճիշտ չենք համարում, որ դառնա սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության հարցեր չպետք է լինեն։ Մենք նույն կերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որպեսզի դա չդառնա սակարկության առարկա։ Մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք։ Մանավանդ միջազգային հանրությունը, վերջերս նաև ԵԽԽՎ-ն հստակ են դիրքորոշում հայտնել, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն»,- նշեց նա։