«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում. Փաշինյան

23/11/2021

Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ : Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կա արդյո՞ք նոր պատերազմի վտանգ:

«Ես կարծում եմ, որ ի վերջո Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականության քննության և քննարկման առարկաներից մեկը պետք է լինի: Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ-ի նկատմամբ, այս թեման պետք է լինի միջազգային հանրության կիզակետում: Ադրբեջանը պատերազմից հետո փորձ է անում կիրառել պատերազմում հաղթողի իրավունքը, մի բան, որը ժամանակակից աշխարհում գոյություն չունի: Մենք փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց պետք է արձագրենք, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, և միջազգային հանրությունը պետք է հետևի, որ Ադրբեջանն այդ չափերին հետևի»:

Փաշինյանը խոսեց նաև այդքան քննարկվող հնարավոր միջանցքի հարցից. «Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում, ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանց», «Արևելյան Զանգեզուր», այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում ու ի՞նչ է դա նշանակում. մենք նախկինում հայտարարել ենք ու հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում ու չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման օրակագրից, ես չեմ կարող թաքցնել ու ուղիղ պիտի ասեմ՝ Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն և միջանցքային տրամաբանությունները, իմ կարծիքով, հենց Ադրբեջանն է զարգացնում հենց տարածաշրջանային կոմունիկացիներն օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա Ադրբեջանին չհաջողվի»:

Փաշինյանը նշեց, որ սա այլևս Հայաստանի և Ադրբեջանի հարց չէ, սա միջազգային իրավունքի հարց է արդեն:

Պատերազմի վտանգի մասով, Փաշինյանն ասաց, որ կա Ադրբեջանի կողմից ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի միջազգային օղակների կողմից:​​​​