«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Վահրամ Դումանյանը առաջարկում է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալ

10/02/2021

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթը։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները:

Դումանյանը իր խոսքում նշեց, որ օրենքով առաջարկվում է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալ։

Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության եւ աստիճանական ինտեգրման համար:

Ասպիրանտական ծրագրերը կհամապատասխանեցվեն համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան, որի ավարտին կշնորհվի դոկտորի (PhD) որակավորում: Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը, ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսուցմամբ:

Ուսանողները կկարգավորեն իրենց ուսումնառության ինտենսիվությունը՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով եւ ֆինանսական հնարավորություններով: Երկու եւ ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել եւ իրականացնել կրթական ծրագիր եւ շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ եւ կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը: Պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների:

Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող եւ սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը: Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում ռեկտորի ընտրության և կառավարման խորհրդի կազմավորման դրույթները հակասահմանադրական են։

Մանրամասները՝ տեսնայութում