«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մաքսանենգ ճանապարհով Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից. ի՞նչ է հայտնի

19/04/2024

Aravot.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին Մաշտոցի քննչական բաժնից ստացվել է գրություն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մարտիրոս Սարյանի 7 ստեղծագործությունները («Արեւամուտից առաջ» 1957թ, «Էջմիածնի կանայք» 1945թ, «Ծաղկող ծիրանենի» 1945թ, «Սևանի Ժայռոտ ափերը» 1953թ, «Կակաչ» 1940թ, «Արևածագը Թումանյանում» 1952թ, «Արարատ» 1945թ) մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Հայաստանից եւ տեղափոխվել են ՌԴ: Ըստ նույն աղբյուրի, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԿԳՄՍ նախարարությունից, որտեղից առաջարկեցին հարցումը գրավոր ուղարկել: Մասնավորապես խնդրել ենք տեղեկացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ, որտե՞ղ են գտնվել այդ ստեղծագործությունները՝ մինչեւ երկրից դուրս բերելը: ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք:

Aravot.am-ը կապվել է նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի հետ: Տիկին Սարյանն ասել է. «Չգիտենք՝ դրանք ումն են, ամեն դեպքում մեզանից չեն տարել, հետեւաբար տեղեկություն չունեմ»:

Սարյանը նաեւ հավելել է, որ անգիր չի կարող հիշել բոլոր գործերի վերնագրերը, իսկ նշվածներն էլ իրեն ծանոթ չեն: 

ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N1348-Ա որոշմամբ, սահմանված է այն հեղինակների հատուկ ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա։ Մարտիրոս Սարյանի անունը եւս այդ ցանկում է: