«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավ գիրքը պետք է թանկ լինի, այն ծավալուն է ու լավ որակի տպագրված. Արծրուն Հովհաննիսյանը՝ իր նոր գրքի մասին

30/04/2021

Օրեր առաջ լույս է տեսել Արծրուն Հովհաննիսյանի «Ռազմարվեստ» գրքի երկրորդ հատորը։ Վերջինս լայն քննարկումների առիթ է դարձել՝ հատկապես գնի պատճառով։ 

ArmDaily.am-ին Երևանում գտնվող «Զանգակ», «Բուկինիստ» գրախանութներից տեղեկացրեցին, որ գիրքն առկա է իրենց մոտ, իսկ արժեքը 50 000 դրամ է։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով գրքի արժեքին, նշեց. «Գինը մեր կողմից առաջարկածը չէ՝ գրախանութները բավականին ավելցուկ են դրել, բայց սկզբունքորեն ես կողմնակից եմ եղել այն տեսակետին, որ գիրքը պետք է թանկ լինի, մեր գիտակցության մեջ հասանելի գիրք այնքան էլ ճիշտ բան չէ, գրքի նկատմամբ հարգանքը՝ մանավանդ գիտական աշխատանքի ու նման ծավալուն։ Գիրքս շատ ծավալուն է՝ 1300 էջ է, շատ բարձր որակի գիրք է տպագրված, այն արժանի է, որ այդքան լինի, բայց առաջնահերթ սկզբունքի հարցն է, որ պետք է հաշվի առնել, որ լավ գիրքը պետք է թանկ լինի»։

Անդրադառնալով գրքի վաճառքին, Հովհաննիսյանը նշեց, որ վաճառքի ծավալներից չի դժգոհում. «ԱՄՆ-ի գրախանութներում չգիտեմ որքան է վաճառվել, բայց առանձին պատվերներ զանգերով արդեն մի քանի հատ եղել է։ Հայաստանում դեռ չգիտեմ ինչ է կատարվում, կգամ Հայաստան, կհասկանամ։ Դժգոհ չեմ, մասնագիտական գիրք է, ու այնպես չէ, որ 1000-2000 հատ պիտի վաճառվեր, լավ գիտեմ, քանի որ արդեն 10 տարի է, որ մասնագիտական գրքեր եմ գրում ու վաճառում։ Ընդհանուր առմամբ վատ չէ, դե պարզ է, որ այստեղ պատերազմի հանգամանքը մեծ դեր է խաղում ու մարդիկ հետաքրքրվում են։ Գրքի առաջին հատորն էլ վաճառվել է ու լավ վաճառք է ապահովել իր ժամանակին, չնայած առաջին հատորն ինձ համար մեծ դժբախտություն է, քանի որ այն օդային գերակայության մասին էր, որը այս պատերազմում մեր պարտության մեջ շատ առանցքային դեր խաղաց և ցավոք այն օդային գերակայությունը, որը ես նկարագրել էի իմ աշխատության մեջ, ցավոք մենք դրան չհասանք և տարիների ընթացքում չզարգացրեցինք, բայց էլի վատ չի վաճառվել՝ 3 տարվա ընթացքում 200 օրինակ վաճառվել է»։