«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանի վարչապետի օրակարգում հրաժարականի հարց չկա

16/11/2020

Հայաստանի վարչապետի օրակարգում հրաժարականի հարց չկա: Արձագանքելով ընդդիմադիր քաղաքական ուժերի պահանջին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է՝ այս պահին կարևոր է Հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը։ Ըստ Կառավարության ղեկավարի՝ բանակցությունների նոր օրակարգ է ձևավորվում, որին Կառավարությունը պետք է մասնակցի: Վարչապետը համաձայն չէ, որ պետական ինստիտուտները չեն գործում, և արտահերթ ընտրություններով պետք է ձևավորել այդ ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - էդ ինստիտուտները գործում են և կգործեն: Ես հիմա շատ կարևոր եմ համարում, որ մենք կայունությունն ու հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, և մենք պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Խորհրդարանը, ՀՀ նախագահը, մնացած ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի կայունությունն ու անվտանգությունը ապահովելուն:

Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան արած գրառումը կոշտ քննադատությունների արժանացավ, շատերի գնահատմամբ՝ այն քաղաքացիական պատերազմ սկսելու կոչ էր: Վարչապետը վստահեցնում է՝ դրանք անտեղի շահարկումներ են: Ինքն իհարկե առաջնագծից վերադարձող զինվորների հետ հանդիպելու և մի շարք հարցեր քննարկելու անհրաժեշտություն տեսնում է, սակայն հավաստիացնում է՝ «պատերի տակ վնգստացողների հարցերը կլուծենք» ասելով նկատի է ունեցել հետևյալը.

Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն: Ով, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը: Ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները:

Առաջնագծից որևէ մեկը չի վերադառնում զենքով: Փաշինյանը դա քննարկել է Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառվի որևէ մեկի զենքով վերադարձն առաջնագծից: Երկրի ղեկավարը չի կարող բախումների և քաղաքացիական պատերազմի կոչ անել, իսկ իրավապահ մարմիններն ունեն այդ բախումները կանխելու բոլոր հնարավորությունները:

Վարչապետը հիշեցնում է նոյեմբերի 10-ի գիշերը Կառավարության, Ազգային ժողովի, վարչապետի պաշտոնական կեցավայրի դեմ տեղի ունեցած հարձակումները, բռնություններն ու գույքի ոչնչացումը, հավելում՝ քաղաքական ուժերի մեծամասնությունը տեղի ունեցածը չի դատապարտել:

Նիկոլ Փաշինյան - Հստակ ասում եմ, որ մեր մտադրություններում և գործողություններում չեն կարող լինել բռնության քայլեր, թող ընդդիմություն էլ հայտարարի՝ ինքը բռնությունը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում, ինքը զենքի կիրառումը բացառո՞ւմ է, թե՞ չի բացառում: Եթե բացառում է, ուրեմն մենք ունենք անհրաժեշտ նախապայմանները նաև երկխոսելու, քննարկելու և համատեղ ուժերով իրադրությունը հաղթահարելու համար։

Հայտնի հայտարարության ստորագրումից հետո հնչում են մեղադրանքներ, թե պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել վարչապետի սեղանին, ընդ որում՝ բոլորն ավելի լավ պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունն է: Փաշինյանը հակադարձում է՝ այդպիսի բան չի եղել, հնչել են նույն տրամաբանությամբ առաջարկներ, ինչ պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին՝ առանց որևէ կարգավիճակի։

Նիկոլ Փաշինյան - Պատերազմից առաջ էլ է այդպես եղել։ Այդպես է եղել 2016 թվականից, և Ապրիլյան պատերազմն այդ վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը:

«Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ ինչու երկխոսություն չի կայանում քաղաքական ուժերի հետ, որոնք ասում են, թե տարբերակներ կան այդ փաստաթղթի դրույթներն ավելի հայանպաստ դարձնելու համար, վարչապետն ասում է՝ այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք ունեն: Լավագույն առաջարկներն էլ կքննարկվեն և կընդունվեն:

Նիկոլ Փաշինյան - Ես, ճիշտն ասած, չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն` ինչպես ավելի լավը դարձնել: Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը՝ նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, որ այսօր իրատեսական խնդիր չէ:

Փաշինյանը, այդուհանդերձ, համարում է՝ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է և պատրաստ է կանգնել ժողովրդի դատի առաջ, սակայն տվյալ դեպքում ժողովուրդը պետք է կարողանա եզրահանգումների գալ՝ տիրապետելով գործի բոլոր հանգամանքներին:

Մինչև այդ հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում:

Նիկոլ Փաշինյան - Ամենակարևոր խնդիրն այն է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ և նոր կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում:

Վարչապետը հերքեց նաև լուրը, թե ռուսական կողմի առաջարկները քննարկել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ:

Հեղինակ`Շողիկ Գալստյան, 1Lurer.am