«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստացվում է, որ Ալիևը Տավուշում ուզում է ընդունել 1991-ի քարտեզները, իսկ մյուս տարածքներում՝ ոչ. Ռուբեն Գալիչյան

22/04/2024

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը 

– Պարո՛ն Գալիչյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզից՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Ձեր գնահատմամբ՝ հիմա սկսվե՞լ է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։

– Իմ կարծիքով՝ սա սովետական սահմանների վերականգնումն է, ոչ մի ուրիշ բան։ Վերականգնում են այն խայտառակ սահմանագծումները, որ Սովետական Միությունն է արել, հայկական մայրուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, Տավուշի, Ոսկեպարի մոտ չորս անգամ մտնում դուրս է գալիս: Բայց իրենց հայտարարության մեջ նշեցին, որ Ոսկեպարի ու մյուս գյուղերի ճանապարհներն ուղղակի պետք է ազատ լինեն, իսկ եթե կան որոշ բաներ, որ խանգարում են, չեն սահմանագծվի, այսինքն՝ պարզ չէ, թե այդ ճանապարհները, որ մտնում են Ադրբեջանի տարածք ու դուրս են գալիս Ոսկեպարի մոտերը, պետք է հայկական դարձնե՞ն: Փոխարենը՝ մենք չենք վերադարձնում իրենց ամբողջովին, որովհետև այդ մասը մենք գրավել ենք, բայց երևի ամբողջովին չենք վերադարձնելու, որովհետև ասում են, որ այդտեղ սահմանագծում չի կատարվելու։ Եթե դրանք լինեն, մեր ճանապարհը Կիրանցից դեպի Ոսկեպար կկտրվի, քանի որ Ադրբեջանի տարածք պետք է մտնի ու դուրս գա։ 

Երկրորդ ամենակարևոր խնդիրը այն է, որ Ադրբեջանն ուզում է սահմանազատում իրականացնել 1991-ի քարտեզներով, որն ինքը սկզբում մերժել էր։ Եթե 1991 թվականի քարտեզներով են սահմանազատումն անցկացնում, ուրեմն ամբողջ Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում իր գրաված 200 քառակուսի կիլոմետր բարձունքները պետք է մեզ վերադարձնի։ Սա հայկական կողմն անպայման պետք է ընդգծի, միակողմանի չեն կարող ասել՝ դուրս ենք գալիս։ Բայց Ադրբեջանը դժվար թե դա անի, հետևաբար ես այստեղ որևէ փոխհամաձայնություն չեմ տեսնում։

– Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ քարտեզները։

– Երբ սահմանագծում եք սկսում, պետք է սկսեք ունեցածիցդ, իսկ մեր ունեցածը դա է, որն Ալիևը սկզբում չէր ընդունում, իսկ եթե չէր ընդունում, մենք էլ կարող էինք ասել՝ 1926 թվականի քարտեզն ենք ընդունում, որտեղ Հայաստանը 31 հազար քառակուսի կիլոմետր էր։ Բայց, եթե ուզում ենք սկսել սահմանագծում, պետք է ունեցածից սկսենք, հետո քննարկենք խնդիրները, ինչն է սխալ, որը պետք է շտկվի և այլն։ Բայց պրակտիկն այն է, որ եղածից ես սկսում, հետո գնում ես դեպի այն, որ պիտի լինի։ 

Բայց, ասում եմ, Ալիևը Տավուշում ուզում է ընդունել 1991-ի քարտեզները, իսկ մյուս տարածքներում, որ ամեն տեղ ինքը 207 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք գրավել է, նախապես հայտարարել է, որ չի լքելու այդ տարածքները։ Եթե չի վերադարձնում, ապա մենք էլ տալու ոչինչ չունենք։ 

– Պարո՛ն Գալիչյան, այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանը տարբեր մարզերում առաջնորդվում է տարբեր քարտեզներո՞վ։

 – Դե այդպես է ստացվում, բայց այս հայտարարության մեջ ասում են, որ ամբողջ սահմանագոտին են սահմանազատում 1991-ի քարտեզներով: Եթե այդպես է, պետք է Ադրբեջանից պաշտոնական գրավոր երաշխիք վերցնել, որ Ադրբեջանը դուրս է գալու իր գրաված տարածքներից։

– Մայիսի 15-ից հետո փաստորեն ի՞նչ իրավիճակ ենք ունենալու, գազատարը մասամբ մնալու է ադրբեջանական վերահսկողության տակ, զորքերը լքելու են դիրքերը․․․ 

– Չէ՛, գազատարը դեռ չի հայտնվում վերահսկողության տակ, մնալու է հայկական վերահսկողության տակ, բայց մոտ է լինում սահմանին, հեռու չէ։ Կրկնում եմ՝ անպայման պետք է պնդենք, որ հիմնվելով 1991-ի քարտեզների վրա՝ Ադրբեջանն էլ պետք է դուրս գա մյուս տարածքներից, եթե չէ, ապա մենք զիջում ենք՝ առանց ոչինչ շահելու։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը հենց Տավուշից սկսել այդ գործընթացը։

– Որովհետև այդտեղ կան կարևոր հայկական պաշտպանական դիրքեր, որոնք ուզում է չեզոքացնել։

– Պարո՛ն Գալիչյան, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ Տավուշում այդ գործընթացն ավարտելուց հետո Ադրբեջանն ուղղակի հրաժարվի մյուս հատվածներում սահմանազատման գործընթաց իրականացնելուց։

– Շատ հնարավոր է, որ այդպես էլ լինի, անեն այս հայտարարությանը հակառակ գործողություններ։ Կրկնում եմ՝ եթե Ադրբեջանը չխոստանա, որ դուրս է գալու իր գրաված տարածքներից, միտք չունի գնալ այս գործընթացին։ 1991-ի քարտեզները եթե ընդունել է, ապա պետք է դուրս գա այդ տարածքներից, սևով սպիտակի վրա պետք է գրի, որ դուրս է գալու, եթե չէ՝ մենք ոչինչ չենք շահելու։