«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովայի գովեստն ու թուրքական կրկեսը. Արայիկ Մկրտումյան

10/11/2023

Երբ ռուսներն ինչ որ բանից գոհ են, ապա «ոչ ռուսները», այս դեպքում մենք, անհանգստանալու առիթ ունենք: Մարիա Զախարովան, ով վերջին շրջանում Կրեմլի հանձնարարակակնները գռեհիկ եղանակով հայկական կողմին էր փոխանցում, այսօր հայտարարել է, որ Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկը» կառուցողական է և մոտ է այն պահը, երբ բոլորի պահանջները հիմնականում կբավարարվեն: Հարց է առաջանում, թե ովքեր են այդ բոլոր կողմերը կամ ինչ բավարարման մասին է խոսքը գնում: Հասկանալի է, որ եթե մի հարցում կան Հայաստանը և Ադրբեջանը, ապա կողմերից որևէ մեկը պիտի դժգոհ մնա: Այս դեպքում շատ կասկածելի է հնչում «բոլոր կողմերին բավարարող փաթեթ» արտահայտությունը: Զախարովան նաև խոսել է այն մասին, որ ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի,  «Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային կապի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»: Հասկանալի է, որ ռուսների համար նոյեմբերի 9-ի հայտարարությունը դարձել է քամելեոն և պետք եկած պահին այն ցույց է տալիս ամենատարբեր եզրահանգումներ, պետք չեկած պահերին՝ ընդհանրապես մի կողմ հրվում: Բանն այն է, որ «խաղաղության խաչմերուկը» ռուսները կարող են մտցնել նոյեմբերի 9-ի համաձայնագրի տրամաբանության մեջ՝ Հայաստանին փաստի առաջ կանգնեցնելով՝ «վերցրել ես, ուրեմն խաղա» թղթախաղային տրամաբանությամբ:

Եվ հենց այստեղ էլ առաջ է գալիս մի երկատված խնդիր՝ Արցախ և արցախահայեր: Արցախի հարցը բացառապես բոլորը «ջրել են», թե՛ Ռուսաստանը, թե՛ արևմուտքը, իսկ արցախահայերինը՝ դեռևս ոչ: Արևմուտքը շարունակում է խոսել Ալիևի ռեժիմի կողմից իրականացված, ցեղասպանության տարրեր պարունակող բռնագաղթի մասին՝ արցախահայերի հարցը դարձնելով խաղաթուղթ, որը անընդհատ դեմ է տրվում Ալիևին, երբ վերջինս որևէ հարցով չի բավարարում Արևմուտքին: Պարզ է, որ մարդասիրությունն այստեղ որևէ նշանակություն չունի, պարզապես ՌԴ-ը և Արևմուտքը տարբեր գործիքներ են կիրառում նույն խնդիրը լուծելու համար: Եթե ռուսները շարունակում են իրենց կայսերական կոշտ ու կոպիտ, մահակի քաղաքականությունը, ապա արևմուտքը շատ ավելի ճկուն և սիրալիր կեցվածք ունի: Հիշեցնեմ, որ տասնամյակներ շարունակ մենք հենց այդ սկզբունքներով ենք առաջնորդվել ու այսօր Արցախն այլևս չկա ու կարևոր չէ, թե ով ինչպես էր խոսում, կարևորն այն է, որ բոլորն էլ հանգիստ նստել նայում էին, թե ինչպես է Արցախը ծվատվում: Այնպես, որ արցախահայերի հարցը արևմուտքի կողմից կարող է օգտագործվել այնքան, ինչքան իրենց պետք լինի: Սա իհարկե չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ հարցը միջազգային ատյաններում շոշափելու հնարավորությունից: Ընդհակառակը, արցախահայերի թեման մենք պիտի ամենաբարձր նշաձողում պահենք: Եվ դա ոչ թե արվի միջազգային մարմիններից «փախստականի նպաստ» պոկելու համար, այլ այն դարձնել հստակ քաղաքական-դիվանագիտական գործիք: Մենք չպետք է թույլ տանք, որ արցախահայերի հարցը Արցախի կարգավիճակի նման շահարկվի և դեն նետվի: Եվ դա պետք է սկսել նրանց փախստականի կարգավիճակ տրամադրելուց և Ալիևին օր ու արև չտալ այդ հարցով: Բաքուն չպետք է հանգիստ մարսի այդ ոճիրը: Ինչպես նաև գերիների և Բաքվի դատական կրկեսներում իրականացվող բեմադրությունների մասին պետք չէ մոռանալ: Ի վերջո, քաղաքականությունից բացի, խոսքը մեր հայրենակիցների մասին է: Այն ավելի բարձր ընթացք պիտի ունենա, քան պարզապես քաղաքական հարցը:

Ի դեպ, արցախահայերի մասին կրկին խոսել է նաև Մակրոնը, ով հանդիպել է Ն. Փաշինյանի հետ և այնտեղ, ի տարբերություն Զախարովայի, ով շեշտել է նոյեմբերի 9-ի մասին, Փաշինյանը և Մակրոնը խոսել են Գրանադայի մասին: Իրար հակադրվում են երկու տարբեր տեսակետներ, իսկ կենտրոնում Հայաստանն է: Սա չի կարող չմտահոգել և առավել ուշադիր ու զգոն է պետք լինել, քանի որ չափից ավելի շատ ուշադրություն է կենտրոնացված մեզ վրա: Մենք կարող ենք կորցնել ավելի շատ, քան պատկերացնում ենք, թեև պետք է նաև նշել, որ այս պահին իրապես դժվար է 100 տոկոսանոց աշխատող դեղատոմս առաջարկել, հատկապես, որ ռուս-ուկրաինական պատերազմն այնպես է լռվել, որ վերջը չի երևում, իսկ արաբա-իսրայելական մսաղացը միայն խառնել է շատ ու շատ հաշվարկներ: 

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով այս օրերին անընդհատ վերհիշել է Հայաստանի «պարտականությունների» մասին Ադրբեջանի հանդեպ, իրեն դրսևորում է որպես պաղեստինցիների իրավունքի պաշտպանի և հրապարակայնորեն դատապարտում Իսրայելին: Էրդողանը դա անում է կարծես հատուկ ԱՄՆ-ին գրգռելու համար և հատկապես այն օրերին, երբ Բլինքենը այցելում էր Թուրքիա: ԱՄՆ հանդեպ ցուցադրական ամբարտավանությունից բացի Թուրքիայում նաև մի էժանագին կրկես կազմակերպվեց, որի ընթէացքում բազմաթիվ ցուցարարներ պահանջում էին, որ իշխանությունները վտարեն ամերիկացիներին Թուրքիայից և նույնիսկ «փորձել են գրավել» Ինջիլիքի ամերիկյան ռազմաբազան, սակայն ոստիկանությունը ցրել է ցուցարարներին: ԱՄՆ Պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը հայտնել է, որ «Անկարայի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի համբերությունը հատում է»: Էրդողանը կարծես ցանկանում է ամերիկացիներին «կծել» այդ ցույցով, Բլինքենին չդիմավորելով և Իսրայելին դատապարտելով՝ շատ լավ իմանալով, որ Իսրայելը ԱՄՆ դաշնակիցն է: ԱՄՆ-ը դիտարկում է իր ռազմաբազան Հունաստան տեղաոխելու հարցը, ինչը չի կարող անհետևանք մնալ, մանավանդ, որ արդեն իսկ կոչեր են հնչում մեխանիզմ մշակելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս շպրտելու հարցով, քանի որ նա ավելի շատ ՌԴ բարեկամ է, քան ՆԱՏՕ-ի: Թուրքիան միաժամանակ ավելի է սերտացնում իր հարաբերությունները ՌԴ հետ: Տարածաշրջանում թեև ուրվագծվում են նոր հարաբերություններ, բայց դրանք հանգիստ կարող են փոխել իրենց հետագծերը՝ ներառելով կամ դուրս թողելով տարբեր երկրների: Թուրքիան ևս բացառություն չէ, մանավանդ, որ առանց արևմուտքի ու ՌԴ, շատ արագ կվերածվի այն ագրարային հետամնաց երկրի, որ կար 1960-ականներին: Ի վերջո արևմուտքն է Թուրքիան դարձրել Թուրքիա; Սա ևս պետք չէ մոռանալ:

Իսրայելին դատապարտելով Թուրքիան ակամա հայտնվում է նրա հակառակորդների շարքում՝ Իրանի հետ: Իրանը, սակայն, տրամադրություն չունի թուրքական սիրախաղերի մեջ մտնելուն և հոկտեմբերի 12-ին հանդիպելու է Սաուդյան Արաբիայի հետ: Չափազանց կարևոր հանդիպում է սպասվում՝ անկանխատեսելի հետևանքներով, ինչը կարող է իրոք ողջ մերձավոր արևելքում բազմաշերտ փոփոխությունների հանգեցնել ու նոր իրավիճակ ձևավորել: Երկու պարանի վրա խաղացող Թուրքիան այս պահիօն մտահոգվելու պատճառներ շատ ունի: Մտահոգվելու պատճառներ ունի նաև Իրանը, որ օր առաջ ցանկանում է արաբա-իսրայելական պատերազմում արդյունքի հասնել, ՌԴ-ը, ով խրվել է Ուկրաինայի հետ պատերազմում, Ադրբեջանը, որ ի վերջո ստիպված է լինելու որոշում կայացնել: Մտահոգվելու առիթ ունեն բհոլոր, այդ թվում և մենք: Բայց քիչ է հավանականությունը, որ դաշնակիցներն ու թշնամիները շանտաժի ու սպառնալիքի միջոցով արագ-արագ լուծեն միջանցքի հարցը, քանի որ այն հիմա էլ ավելի մեծ ու բեկբեկուն հարցի մի մասն է դարձել: Ձևավորվում է մի իրավիճակ, երբ այս գորդյան հանգույցը մեկ հարվածով է լուծվելու:

 

Արայիկ Մկրտումյան
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի գիտաշխատող