«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպան պետք է արագացնի ռազմական շարժունությունը. եվրապատգամավորները պահանջում են կրճատել ժամկետը

20/04/2026

Եվրախորհրդարանը պնդում է, որ արագացվեն ԵՄ-ում ռազմական շարժունության վերաբերյալ միջոցառումները, տեղեկացրել է Euractiv-ը: Հարցի վերաբերյալ զեկուցողներ Ռոբերտ Զիլեն եւ Միխալ Շչերբան կոչ են արել արագացնել մի քանի կարեւոր ժամկետներ։ Մասնավորապես, նրանք ցանկանում են մինչեւ 2028թ․, 2030 թվականի փոխարեն (ինչպես նախատեսված է Եվրահանձնաժողովի նախագծում), գործարկել տարանցիկ թույլտվությունների տրամադրման միասնական թվային հարթակը։ Զիլեն նշել է, որ մի քանի երկրներ արդեն օգտագործում են արդեն առկա համակարգերը, մասնավորապես՝ SDMMS համակարգը, որն օգտագործում են 11 երկրներ, եւ նորը զրոյից ստեղծելն աննպատակահարմար է: Զեկուցողները նաեւ առաջարկել են, որ երկրները պարտավորվեն ազգային համակարգողներ նշանակել երեք ամսվա ընթացքում՝ վեց ամսվա փոխարեն: Բանակցությունների կենտրոնում EMERS արտակարգ իրավիճակների մեխանիզմն է, որը վերացնում է միջսահմանային բոլոր սահմանափակումները եւ զինվորականներին առաջնահերթություն է տալիս ենթակառուցվածքի հասանելիության հարցում:

Անդամ պետությունները ցանկանում են սահմանափակել դրա կիրառումը որոշակի տարածաշրջաններով, սակայն Զիլեն կասկածի տակ է դնում այս մոտեցման գործնականությունը. «Ինչպե՞ս կարող է ռազմական շարասյունը հասնել A կետից B կետ»: Մեկ այլ խոչընդոտ է որոշ երկրների ցանկությունը՝ պահպանել իրենց տարածքով օտարերկրյա զորքերի տարանցումը սահմանափակելու իրավունքը, նույնիսկ արտակարգ իրավիճակների մեխանիզմի գործողության դեպքում: EMERS-ի ակտիվացումից տուժած ենթակառուցվածքի սեփականատերերի ֆինանսական փոխհատուցման հարցը նույնպես մնում է չլուծված: «Բոլոր ծախսերը անդամ պետությունների վրա դնելն անարդար է»,- կարծում է Զիլեն՝ առաջարկելով քննարկել «համերաշխության սկզբունքը»:

https://www.linkedin.com/posts/euractiv-com_meps-push-to-fast-track-eu-military-mobility-activity-7450757099006971904-IFa0