«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վստահության մթնոլորտն առանց գերիների վերադարձի անհնար է. Իգիթյան

30/06/2021

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտը ուղղված է այն խնդիրների լուծմանը, որոնք հայկական կողմին հուզում են։
«Այսինքն՝ բոլոր զեկուցողները և անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց հայ գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել։ Երբ խոսում են վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, այդ թվում՝ ադրբեջանցիները, պարզ է, որ որևէ վստահության մթնոլորտ՝ առանց գերիների վերադարձի անհնար է»,- ասաց Իգիթյանը։
Նա նշեց, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում վերջին այցի ժամանակ բարձրացրել է ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածք ներխուժելու հարցը։ «Այնտեղ քննարկվում էր Թուրքիայի հարցը, որը Միջերկրական ծովում ռազմատենչ գործողություններ է իրականացնում, և դա դժգոհություն է առաջացրել ԵԽԽՎ-ում, բոլոր զեկույցներում դա որպես բացասական երևույթ նշված է։ Մենք զուգահեռներ տարանք նաև այն հանգամանքի հետ, թե ինչ է անում Ադրբեջանը՝ սկզբում ներխուժում է ռազմական ձևով, հետո ասում է՝ եկեք բանակցենք։ Ինչպես Թուրքիայի հարցում, այնպես էլ Ադրբեջանի հարցում մեր գործընկերները ԵԽԽՎ-ում բարձրացրեցին հարց, որ ցանկացած բանակցություն անհնար է, եթե ներկա են ռազմական ուժերը», նշեց նա։