«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Գերդրամատիկ խաղում «Ալ Ռիադին» դարձավ Եվրասիական լիգայի հաղթող

30/03/2021

Բասկետբոլի Եվրասիական լիգայի 3-րդ խաղարկությունն ավարտվեց: Մրցաշարին մասնակցում էր հինգ ակումբ՝ Ռուսաստանից, Լիբանանից ու Հայաստանից: Հայաստանի ներկայացուցիչները «Դվինն» ու Հայաստանի չեմպիոն «Վահագնի սիթին» էին: Եզրափակչի ուղեգրերին տիրացել ու գլխավոր ավարը վիճարկում էին լիբանանյան «Ալ Ռիադին» ու «Վահագնի սիթին»: Գլխավոր խաղին ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար, Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը:

Եզրափակչի առաջին քառորդում Մոլյևիչի «Վահագնին» անշուք տեսք ուներ. շատ էին սխալները, դիպուկ նետումները՝ չափազանց քիչ, իսկ Մանսուրն ու ընկերները ամեն ինչ հստակ էին անում: Արդյունքում «Ալ Ռիադին» առաջին քառորդից հետո 11 միավորի առավելություն ունեցավ: Հաջորդ քառորդներում «Վահագնին» ակտիվացավ ու հավասարեցրեց խաղն ու երրորդ քառորդում՝ արդեն հաշիվը: Չորրորդ քառորդի գրեթե ամբողջ հատվածն անցավ հայկական թիմի առավելությամբ, սակայն չորրորդ քառորդի ավարտից 2 րոպե առաջ մեր թիմն ուներ 6 միավորի առավելություն, որը վերջնարդյունքում կարողացավ չեզոքացնել ու հաղթանակ կորզեց լիբանանյան թիմը: Բառացիորեն ամենավերջին վայրկյանին Ամիր Սաուդը 3 միավորանոց հստակ նետում կատարեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Խաղից հետո ափսոսանքի խոսքեր հայտնեց ու մրցակցին արժանին մատուցեց «Վահագնի սիթիի» կենտրոնական Ալբերտ Թադևոսյանը: Մրցաշարի լավագույն ծանր հարձակվող ճանաչված Հայկ Գյոկչյանն էլ, ամփոփելով մրցաշարը, նշեց, որ հաղթեց ուժեղագույնը:

Չնայած համավարակային դժվարություններին՝ մրցաշարը կայացավ: Չնայած կարող էր աշխարհագրությունն ավելի լայն լիներ՝ իր խոսքում շեշտեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: 

Սահմանված էին նաև անհատական մրցանակներ: Լավագույն խաղարկողը «Ալ Ռիադիից» Ալի Մանսուրն էր, լավագույն հարձակվող ճանաչվեց Դարիուս Կլարկը, իսկ լավագույն պաշտպանը «Դվինից» Ջորդան Ուաթսոնն էր: Մրցաշարի լավագույն խաղացողն էլ հաղթական 3 միավորանոցի հեղինակ Ամիր Սաուդն էր: