«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2020 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները

24/12/2020

Այսօր երեկոյան կավարտվի 2020 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հիշեցնենք, որ թեկնածուների շարքում են նաև հայաստանցի այն ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում արտերկրում։

Շատերը կհամաձայնեն, որ ընդհանուր առմամբ տարվա ֆուտբոլիստը մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է, որը փայլուն մրցաշրջան է անցկացնում իտալական «Ռոմայում»։ Վստահաբար կարող ենք ասել, որ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ոչ միայն լավագուն կիսապաշտպաններից է Իտալիայում, այլև Եվրոպայում։ Գոլ գումարած գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանի ցուցանիշը այս պահին լավագույնն է եվրոպական թոփ 5 առաջնություններում։ Տարվա ֆուտբոլիստի պայքարում Մխիթարյանի հետ կարող էր մրցակցել թերևս Բունդեսլիգայում ելույթ ունեցող Սարգսիս Ադամյանը։ Վերջինս, սակայն, վնասվածքների պատճառով 2020 թվականին հնարավորություն չունեցավ դրսևորվելու։

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում Մխիթարյանին հաջորդում է Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Մեր ամենահեռանկարային ֆուտբոլիստը գերազանց մրցաշրջան է անցկացնում իր թիմում՝ հանդիսանալով վերջինիս լավագույն ռմբարկուն և ֆուտբոլիստը։ Բիչախչյանն ունի իրական հնարավորություն դառնալու նաև Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու։ Մեր ֆուտբոլիստը խփել է 9 գնդակ և ընդամենը երկու գնդակով է զիջում առաջին հորիզոնականում գտնվող Կայմարին։ Այս տարի Վահան Բիչախչյանը նորամուտը նշեց նաև Հայաստանի ազգային հավաքականում՝ նպաստելով հաղթանակներին։ Մասնավորապես, Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին խաղում տպավորիչ խաղ ցուցադրելուց զատ Բիչախչյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Լիահույս ենք, որ մոտ ապագայում 21-ամյա կիսապաշտպանը կհայտնվի եվրոպական ավելի բարձրակարգ ակումբում։ Կասկածից վեր է, որ Բիչախչյանը գտնվում է ֆուտբոլային գործակալների և ակումբների ուշադրության կենտրոնում։

Երրորդ հորիզոնականում տեսնում ենք ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին։ Վերջինս հերթական հաջող մրցաշրջանն անցկացրեց իր թիմում։ Օրեր առաջ «Աստանայի» երկրպագուների շրջանում անցկացված քվեարկությամբ հենց Տիգրան Բարսեղյանը ճանաչվեց մրցաշրջանի լավագույն խաղացող։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը: Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ: Կարծում ենք՝ ժամանակն է, որ Բարսեղյանը ևս կարիերան շարունակի ավելի բարձրակարգ առաջնությունում։ Վերջին տարիներին այս ֆուտբոլիստը էական առաջընթաց է գրանցել։

Ինչևէ, քվեարկության արդյունքներին ընդառաջ հարկ ենք համարում անդրադառնալ նաև Հայաստանի ազգային հավաքականին՝ հասկանալու համար, թե այս հարթությունում ովքեր են լավագույնները։ Մեր վարկածով՝ 2020 թվականի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն է։ Վստահաբար կարող ենք ասել՝ եթե չլիներ Յուրչենկոն, մեր հավաքականը հաղթող չէր դառնա C դիվիզիոնի ենթախմբում։ Բոլոր հանդիպումներում Հայաստանի հավաքականը Յուրչենկոյի շնորհիվ փրկվել է բազմաթիվ գոլերից։ Բացառությամբ Հյուսիսային Մակեդոնիայի հետ առաջին հանդիպման՝ մյուս 5 խաղերում դրական արդյունքի ենք հասել մասնավորապես այս դարպասապահի վստահ խաղի շնորհիվ։ Ավելին, ընտրական 6 հանդիպումներում Յուրչենկոն թույլ չտվեց որևէ կոպիտ սխալ։ Ռոման Բերեզովսկուց հետո Հայաստանի հավաքականը վերջապես ունի բարձրակագ դարպասապահ, որը, ինչպես ընդունված է ասել, թիմի կեսն է։ Ուստի Յուրչենկոն միանգամայն արժանի է Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ դառնալուն։

Երկրորդ հորիզոնականում տեսնում ենք նույն Տիգրան Բարսեղյանին։ Վրաստանի դեմ խաղում դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում կատարած գոլային փոխանցումների քանակը նա հասցրեց 4-ի, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում: Արդյունքն իսկապես տպավորիչ է։

«Առաջին լրատվական»-ի վարկածով՝ երրորդ հորիզոնականում է այս տարի հավաքականին միացած «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Վերջինս զգալիորեն նպաստեց Հայաստանի հավաքականի առաջխաղացմանը։ Ի դեմս Բայրամյանի՝ ունենք արժեքավոր ֆուտբոլիստ, որն օժտված է նաև առաջատարի հատկանիշներով։ Բայրամյանը գերազանց խաղ ցուցադրեց հատկապես Վրաստանի հետ առաջին մրցավեճում՝ խփելով նաև իր առաջին գնդակը Հայաստանի ազգային հավաքականում։