«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անվճար տեղերը կհատկացվեն ոչ թե բուհին, այլ՝ ուսանողին. նոր նախագիծ

22/02/2021

«Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը շուրջ 5 տարվա աշխատանքից հետո առաջին ընթերցմամբ ներկայացվեց օրենսդիրում ու հավանության արժանացավ: Օրենքի հիմնական փոփոխություններից մեկն անցումն է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի: Բակալավրի ու մագիստրոսի որակավորումից զատ՝ հայաստանյան բուհերում հնարավորություն կլինի ստանալ դոկտորի՝ PhD որակավորում:

Սամվել Կարաբեկյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական) - Բովանդակային առումով նախատեսում է այսօրվա ասպիրանտական ծրագրերի շեշտակի վերափոխում և՛ պահանջների, և՛ որակի առումով:

Համակարգի հիմնական նպատակը եվրոպական կրթական և գիտական տարածքին ինտեգրվելն ու բարձրագույն կրթության ճանաչելիությունը բարձրացնելն է: Եռաստիճան համակարգի են անցել ոչ միայն եվրոպական, այլև հետխորհրդային երկրները՝ այդ թվում Վրաստանը, Ղազախստանն ու Ռուսաստանը: Հայաստանում համակարգն ամբողջությամբ կներդրվի 5-6 տարի հետո:

Լուսինե Գրիգորյան (ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Դա նշանակում է, որ արդեն գիտական թեմա հաստատած, ասպիրանտուրա ընդունված ուսանողները շարունակելու են իրենց ուսումնառություն ու ատենախոսության պաշտպանությունը գործող կարգավորումներով:

Ակադեմիական ազնվությանն էլ նոր նախագծով Բարձրագույն որակավորման կոմիտեի փոխարեն պետք է հետևի գիտական աստիճանը շնորհող բուհը, պարզի՝ ապագա գիտնականը հո գրագող չէ:
Մեկ այլ փոփոխությամբ, առկա և հեռակա հասկացություններ նոր օրինագծում չկան: Նախագծով սահմանված է ուսանողների լրիվ կամ մասնակի բեռնվածություն:

Լուսինե Գրիգորյան - Սահմանված են նվազագույն նորմատիվ ժամկետներն ու կրեդիտների քանակը, որն ուսանողը պետք է ունենա, որ համարվի այս կամ այն կրթական մակարդակը հաջողությամբ ավարտած

Անվճար և վճարովի տեղերը նոր նախագծով հատկացվելու են ոչ թե բուհին, այլ դիմորդին, որն էլ՝ անվճար ուսանելու իր հավաստագրով կարող է ընտրել ցանկացած բուհ:

Սամվել Կարաբեկյան - Դիմորդը, որն ապահովեց առավելագույն մրցութային ցուցանիշ, կստանա իր հավաստագիրը, և ինքը կընտրի՝ այդ մասնագիտության կամ նույն բուհի որ մասնագիտությամբ որտեղ տանի այդ հավաստագիրը, պետական փողը կգա հենց այնտեղ:

Հավաստագիրը հնարավորություն կտա 2 տարի անվճար սովորել, սակայն այն ուսանողը, որն այդ ընթացքում միջին ցուցանիշից ցածր առաջադիմություն կցուցաբերի, կզրկվի անվճար սովորելու հնարավորությունից:

Սամվել Կարաբեկյան - Ստացվում է գործող համակարգում, որ այս կամ այն հանգամանքներում ցանկացած անհաջողություն կարող է քեզ զրկել տարիների քո ջանքերից, աշխատանքից: Սա ավելի օբյեկտիվ է

Կրթական ծրագրերի համատարմագրումը նախագծով սահմանված հաջորդ փոփոխությունն է: Եթե բուհը ծրագրային հավատարմագրում չունենա, նրան տրված լիցենզիան կդադարեցվի: Նախագիծը դեռ Ազգային ժողովում է, երկրորդ ընթերցումը նախատեսված է մարտին:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան