«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

"ՌԴ-ն ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո մի տեսակ «թաքուն չէր ներում» ՀՀ-ին"․ փորձագետ Ջոնի Մելիքյան

04/02/2022

Generalnews.am-ի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը

- Կուզեի զրույցը սկսել՝ անդրադառնալով ռուս-վրացական հարաբերությունների առանձահատ­կություններին՝ մինչև 2008 թ․ օգոստոսյան պատերազմը։

- Նախ խոսելով ռուս-վրացական հարաբերությունների մասին անկախությունից՝ 1991 թ․ ի վեր, պետք է նշեմ, որ այդ հարաբերություններն ամեն դեպքում բարդ են եղել։ Տարբեր ժամանակահատվածներում ակտիվացել, լարվել կամ որոշակի դրական դինամիկա են ունեցել, սակայն մինչև Սահակաշվիլու իշխա­նության գալը։  1990-ական թթ․ սկզբից էլ վրացական էլիտան Մոսկվայից հեռանալու միտումներ դրսևորում էր, սակայն եղել են նաև Մոսկվային դիմելու դրվագներ։ Նույնիսկ մի փուլում Էդուարդ Շևարդնաձեն դիմել էր Մոսկվայի օգնությանը, իսկ Մոսկվան առաջարկել էր միանալ ԱՊՀ-ին, ինչին, սակայն, ինչ-ինչ պատճառներով Թբիլիսին դեմ էր։ Ավելի ուշ եկավ շրջան հենց Շևարդնաձեի օրոք, որ կոնֆլիկտը սառեցվեց, բանակցություններ սկսվեցին, ռուսները սկսեցին իրա­կանացնել խաղա­ղապահ առաքելություն և կարելի է ասել, որ ձևավորվել էր երկակի իրավիճակ․ մի կողմից, Վրաստանն Արևմուտքի հետ ակտիվացնում էր իր հարա­բերությունները՝ ինտեգրվելով տարբեր եվրոպական կառույցների, մյուս կողմից էլ կար չլուծված տարածքային ամբողջականության խնդիրը, Ռուսաստանի շահերը և այլն, այստեղ Թբիլիսին փորձում էր չլարել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ դրա պատճառներից մեն էլ այն էր, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված էին ռուսական խաղաղապահները։ Իրավիճակը բարդացավ Մ․ Սահակաշվիլու իշխանության գալուց հետո, ով մի քանի ռուս-վրացական հանդիպումներից հետո հստակ և կտրուկ փոփոխություն կատարեց Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի մեջ՝ նախկինի հավասարակշռված քաղաքական գծից միանգամից անցնելով եվրոատլանտյան քաղաքական ուղղությանը։ Դա հան­գեցրեց նրան, որ 2005 թ․ ընդունված ազգային ռազմավարության մեջ հստակ շեշտվեցին արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ Ռուսաստանն ընկալվում էր որպես հարևան երկիր, բայց կային որոշ կետեր, որոնցից հասկացվում էր, որ վրացական կողմը ռուսական սպառնալիք է զգում։ Դրան զուգահեռ ակտիվանում էր Վրաստանի եվրոատլանտյան քաղաքականությունը, որն էլ օրեցօր լարում էր ռուս-վրացական հարաբերությունները։ 2000-ական թթ․-ից մտցվեց վիզային ռեժիմ երկու երկրների միջև, որը Վրաստանը միակողմանիորեն հանեց միայն 2011 թ․ , իսկ ՌԴ-ն մինչ օրս չի հանել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Հերթական ճգնաժամը կապված էր 2005-2007 թվականների հետ՝ կապված Հարավային Օսիայի հետ, որն էլ 2008-ին բերեցին հայտնի իրադար­ձություններին։

- Ավելի քան 13 տարիների հեռավորությունից խոսենք պատերազմի պատ­ճառների մասին․ որո՞նք էին դրանք։

- Պատճառների մասին խոսելիս փորձենք զուգահեռներ անցկացնել այսօրվա հետ։ Երբ 2008 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարվում է բաց դռների քաղաքականությունը և խոսվում է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունների մասին, այս ամենը Ռուսաստանի կողմից ընկալվեց որպես սպառնալիք։ Դրա ֆոնին Վրաստանի միլիտարիազացիան խոսում էր այն մասին, որ թեև Վրաստանը փորձում էր դեռևս իր տարածքային ամբողջականության հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց նաև տեղ էր թողնում ռազմական սցենարի համար։ Առանց մեղավորներ փնտրելու՝ նշենք, որ առկա էր աշխարհաքաղաքական մի իրողություն, երբ կար Վրաստանի՝ այդ իրողությունն իր օգտին փոխելու ցանկությունը, և դա բերեց նրան, որ փոխարենը Թբիլիսին շարունակել բալանսավորված կուրսը, ուղղակի իրավիճակը տարավ այն ուղղությամբ, որը հանգեցրեց պատերազմի։ Սա Վրաստանում Սահակաշվիլու իշխանության անկման սկիզբն էր։ Կարելի է ասել, որ Բուխարեստի գագաթաժողովից (2008 թ․) առ այսօր որևէ առաջընթաց չկա ՆԱՏՕ-ի անդամակցության ուղղությամբ։

- Ինչպիսի՞ն էր ՀՀ դիրքորոշումը ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ։

- ՀՀ-ն, ունենալով բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի և ռազ­մավարական-դաշնակցային հարաբերություններ ՌԴ հետ, այս իրավիճակում բարդ երկընտրանքի առաջ էր կանգնած, սակայն, ըստ իս, այն ժամանակվա ՀՀ իշխանությունները կարողացան իրավիճակից դուրս գալ։ Նշեմ, որ չնայած Ադրբե­ջանն ակտիվ միֆեր էր տարածում, իբր  Թբիլիսին ռմբակոծվել է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմա­բազաներից, սակայն ՀՀ-ն չդարձավ տարածք, որտեղից ՌԴ-ն ռազմական գործողություններ է կատարել Վրաստանի նկատմամբ։ Մեր երկիրը շահագրգռված էր, որ վրաց-ռուսական հարա­բերությունները լինեին կայուն և կանխատեսելի, քանի որ դա բխում է նաև ՀՀ տնտեսական շահերից։ Այս ամենի կողքին նշեմ, որ 2008 թ․ վերջում Սահակաշվիլին այցելեց Հայաստան, որի շրջանակներում ստացավ ՀՀ բարձրագույն պարգևներից մեկը (Մեսրոպ Մաշտոց շքանշան), որը ՌԴ-ում ընկալվեց ոչ շատ լավ։ Այս ամենն իրականում մեսիջ էր՝ ուղղված Վրաստանին, որ չնայած ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, սակայն պակաս կարևոր չեն նաև Վրաստանի հետ հարաբերությունները։ Սա ՀՀ ազգային շահերից բխող դրսևորում էր, ուստի ՀՀ-ի՝ պատերազմի ընթացքում դրսևորած դրական չեզոք մոտեցումը, ճիշտ եմ գնա­հատում։

- Ի՞նչ փոփոխություններ կրեցին պատերազմից հետո հայ-վրացական և հայ-ռուսական հարաբերությունները։

- Նշենք, որ ՌԴ-ն պատերազմից հետո մի տեսակ <<թաքուն չէր ներում>> ՀՀ-ին․ հատկապես Սահակաշվիլու այցից և ՀՀ-ում պարգևատրումից հետո, ՌԴ-ն Ադրբե­ջանի հետ կնքում է զենք-զինամթերքի վաճառքի համաձայնագիր։ Հայ-վրացական հարաբերություններում կար դրական դինամիկա, մշտական փոխայ­ցելություններ, բայց ասեմ, որ Վրաստանի իշխանություններն ամենևին չէին գնահատում ՀՀ ջանքերը, նրանք հասկանում և երբեմն փորձում էին օգտվել Վրաստաի տարածքից ՀՀ լոգիստիկ կախվածությունից։ Մի քիչ առաջ անցնելով՝ նշեմ, որ 2012 թ․ Վրաստանում իշխանության գլուխ եկած քաղաքական թիմն ինչ-որ չափով վերաիմաստավորեց ՀՀ հետ հարաբերությունները, նրանք հասկացան, որ պետք է հավասարակշռել հարևանների հետ հարաբերությունները, այլ ոչ թե վարել ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն, ինչպես որ անում էր Սա­հակաշվիլին հատկապես 2010-2012 թթ․։ Վերջին տարիներին ՀՀ-ն և Վրաստանն ավելի են մոտեցել իրար, քանի որ հիմքում երկու կողմերի ցանկությունն է՝ լինելու ժողովրդավար և պահպանելու հավասարակշռություն փոփոխվող տարա­ծաշրջա-նում։

- Ինչպե՞ս կգնահատեիք Վրաստանի՝ որպես Հայաստանի դարավոր հարևանի դիրքորոշումը 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ։

- Մոտավորապես այնպիսի դիրքորոշում, որն ունեցել է ՀՀ-ն 2008-ի։ Նույն տիպի մոտեցում Վրաստանը որդեգրեց վերջին՝ 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, երբ փորձում էր կողմերին աջակցել՝ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, մյուս կողմից անում էր ամեն բան, որ հակամարտությունն ու պատերազմը չներթափանցի Վրաստանի տարածք։ Բանն այն  է, որ Վրաստանում կան մեծ հայկական և ադրբեջանական համայնքներ, ուստի Թբիլիսիի համար ռեալ սպառնալիք էր առաջանում՝ իր տարածքում պատերազմական գործողությունների բռնկման, ինչն էլ Վրաստանի իշխա­նությունները փորձում էին կանխել։

- Ներկայումս ի՞նչ տեղ է զբաղեցնում Ջավախքի հիմնահարցը հայ-վրացական հարաբերություններում։

- 2018-ից հետո ՀՀ վարչապետը հանդիպեց ջավախահայության հետ և նշեց, որ նրանք կամուրջ են հայ և վրացի ժողովուրդների միջև՝ ցույց տալով, որ քաղաքական խնդիր Ջավախքի հարցում չկա։ Ես՝ որպես փորձագետ ասեմ, որ այսօր Ջավախքում եղած խնդիրները տնտեսական են, բայց 1990-ական թթ․ սկսած՝ ջավա­խա­հայությունը չի ինտեգրվել վրացական հասարակությանը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Ինչ խոսք, Թբիլիսին էլ դրան ուշադրություն չի դարձրել, քանի որ այլ բարդ խնդիրներով էր զբաղված։ Այսօր, մենք փորձում ենք շեշտը դնել համայնքի կարևորության վրա և աջակցել Ջավախքից բարձրացվող խնդիրներին։ Սահակաշվիլու շրջանում շատ ջավախահայեր, լինելով ՌԴ քաղաքացիներ և չկարողանալով դա թաքցնել, զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիության մասին Վրաստանում դեռ չկար օրենսդրական կարգավորում։ Այնուհետ Սալոմե Զուրաբիշվիլին նախաձեռնեց այդպիսի օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում հնարավորություն տրվեց ջավախահայերին վերականգնելու Վրաստանի քաղաքացիությունը։ Ամփոփելով՝ նշեմ, որ առկա խնդիրները միջպետական մակարդակի չեն ամեն դեպքում։ Ջավախքն այսօր Վրաստանի շրջան է, ջավախահայերը Վրաստանի քաղաքացիներ են, ոմանք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, սակայն նրանց հարաբերությունները Վրաստանի հետ դա այդ երկրի ներքի գործն է, ուստի ՀՀ-ն չպետք է միջամտի, բացառությամբ այն դեպքերի, երբ կա հնարավորություն՝ դրական կերպով միջամտելու համայնքի որոշ գործերին (դպրոցների, դասագրքերի, հայոց լեզվի ուսուցիչների վերապատ­րաս­տումները և այլ հարցերում)։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը