«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Պատերազմը՝ լուսանկարչի աչքերով

20/12/2020

Գեղագիտության ազգային կենտրոնում «Անվերջ վերադարձ» խորագրով 1,5 ամիս տևած Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքի ցուցադրությունը մեզ վերադարձնում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջան՝ 1992-1997 թթ., երբ լուսանկարիչը պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում պատերազմական ողբերգության խորքերից ստեղծում էր սահմանային վիճակների իր լուսանկարչական տարեգրությունը:

Ի՞նչ է նախանշել հեղինակի համար և ուր է տանում նրան Արցախյան ճանապարհը:

Գագիկ Հարությունյան (Լուսանկարիչ, «Ղարաբաղ» շարքի հեղինակ) - 2017-ին հայտնի լուսանկարչի «Ժամանակի ստվերները» հետահայաց ցուցադրության 183 լուսանկարների թվում ներկայացվեց նաև «Ղարաբաղ» շարքը, որն այժմ 3 տասնամյակի հեռվից ներկայացնում է 90-ականների Արցախյան իրականության ոչ թե պարզ արտացոլանքը, այլ տեսողական-գեղարվեստական հյուսվածքը:

Քարվաճառի գանձը ներկայացնող լուսանկարն ասես լի է խնկաբույրով, լուսանկարչի խցիկը նուրբ հմտությամբ որսացել է Դադիվանքի կամարների լույսը:

«Սպասում», «Զինվորի այրին», «Հացի հերթ», «Փախստականներ». հույսը, տագնապը, սպասումը, անորոշությունը ջնջել են ժամանակի սահմանները: Պատերազմական ոչ մի կադր, ոչ մի կաթիլ արյուն, բայց դրա սարսափն ու արձագանքն ամենուրեք է՝ հացի հերթում, փախստականների հայացքում ու անվերջ ձգվող սպասման վիճակում:
 
«Ղարաբաղ» լուսանկարչական շարքի պատկերաշարը Գագիկ Հարությունյանի 29-ը գործերի հատուկ ցուցադրությամբ մարդկային անհատական պատմությունները փոխակերպում է մեկ ընդհանուր գեղարվեստական պատումի, սակայն նրա 1000-ից ավելի սևապատկերները դեռ չեն ներկայացվել հանրության գնահատմանը, և «Անվերջ վերադարձով» սկսված երկխոսությունը դեռ կշարունակվի:

Հեղինակ`Նունե Ալեքսանյան, 1Lurer.am