Ադրբեջանի ղեկավարության անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության գործողությունների անպատժելիությանը՝ մատնանշելով, որ այն նոր հանցագործություններ է հրահրում։
«Երբ ձեզ վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար պատժամիջոցները, երբ ձեզ վրա չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ չհրահրված պատերազմի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների իրենց նախնյաց հողերից ու տներից էթնիկ զտումների համար պատժամիջոցները, այդ ժամանակ դուք ագրեսիվորեն հարձակվում եք ձեր հարևանի վրա ՝ սպանելով ավելի շատ խաղաղ մարդկանց։ Ես խոսում եմ Ադրբեջանի ղեկավարության մասին ՝ նկատի ունենալով, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- գրել է նա։