«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքա՞նով է ՀՀ տնտեսությունը գիտելիքահենք․ տնտեսագետ-փորձագետ Շուշան Մովսիսյան

14/02/2022

Generalnews.am-ի հյուրն է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Շուշան Մովսիսյանը

- Կուզեի զրույցը սկսել՝ հակիրճ անդրադառնալով գիտելիքահենք տնտեսության առաջացման ու զարգացման պատմությանը։

- Նախ և առաջ անդրադառնամ այն հարցին, թե ի՞նչ ենք հասկանում գիտելիքահենք տնտեսություն ասելով։ Գիտելիքահենք տնտեսությունը տնտեսական այնպիսի համակարգ է, որտեղ տնտեսական աճի կարևոր գործոն է գիտելիքը, հմտությունները և տեխնոլոգիաները։ Գիտելիքը հիմնական ռեսուրսն է և, միաժամանակ, հիմնական տնտեսական արդյունքը։

Տնտեսական գործունեություն կազմակերպելու համար մշտապես անհրաժեշտ են եղել որոշակի գիտելիքներ և հմտություններ, այս առումով գիտելիքը, մարմնավորված լինելով մարդկային կապիտալում, բոլոր ժամանակներում տնտեսական զարգացման կարևոր գործոն է եղել։ Սակայն, 20-րդ դարի վերջին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, տեղեկատվության և գիտելիքի կուտակումն ու արագ տարածումը հանգեցրեց գիտելիքահենք տնտեսության զարգացմանը։

- Որո՞նք են գիտելիքահենք տնտեսության շարժիչ գործոնները։

- Առանձնացվում է գիտելիքի տնտեսության չորս հիմնական գործոն՝ կրթություն և վերապատրաստում, տեղեկատվական ենթակառուցվածքներ, տնտեսական խթաններ և ինստիտուցիոնալ ռեժիմ ու նորարարական համակարգեր։  Մեր կարծիքով՝ գիտելիքահենք տնտեսության մեջ կարևորագույն դերը պատկանում է կրթությանը և մարդկային կապիտալի զարգացմանը, հետազոտությունների և փորձարարական մշակումներին։  

- Ինչպե՞ս է անդրադարձել տեղեկատվական հեղափոխությունը գիտելիքահենք տնտեսության առաջընթացի, կայացման և առանձին երկրներում այդպիսի տնտեսություն կառուցելու ընթացքի վրա։

- Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոոլգիաների զարգացումը թույլ տվեց արագ և քիչ ծախսերով մշակել, պահպանել և տարածել տեղեկատվությունը։ Ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման արդյունքում գիտելիքի հասանելիությունը մեծացավ ամբողջ աշխարհում, որն էլ իր հեթին խթանեց գիտելիքի վրա հիմնված գործունեությունը աշխարհի տարբեր տնտեսություններում։

- Չափելի են արդյո՞ք գիտելիքահենք տնտեսությունն ու հասարակությունը։

- Գիտելիքն ինքնին բավականին բարդ հասկացություն է և դժվար է քանակապես այն հաշվարկել, քանի որ այն արտահայտվում է տեխնոոգիաների, նորարարությունների, ինչպես նաև մարդկային հմտությունների մեջ։ Հետևապես, սահմանափակ է գիտելիքի բաժինը տնտեսության մեջ չափելու մեր հնարավորությունները։ Միջազգային կազմակերպությունների կողմից մշակվել են ցուցանիշների համակարգեր, ինչպիսիք են նորարարությունների գլոբալ համաթիվը, գլոբալ գիտելիքի համաթիվը, մարդկային զարգացման համաթիվը և այլն, որոնք լինելով ցուցանիշների համախումբ դիտարկվում են որպես գիտելիքի տնտեսության ցուցիչներ և ուղեցույց են հանդես գալիս քաղաքականության որոշում կայացնողների համար՝ գիտելիքահենք հասարակության խթանման ջանքերում։

- Գիտության մրցունակություն- տնտեսական անվտանգություն․ ըստ Ձեզ, որքա՞նով են փոխկապակցված այս հասկացությունները, ի՞նչումն է  կայանում փոխազդեցությունը։

- Տնտեսական անվտանգության տեսանկյունից կարևոր է գիտական արդյունքի առևտրայնացումը, գիտություն-մասնավոր հատված-պետություն փոխգործակցությունը։ Օրինակ՝ նոր էներգետիկ տեխնոլոգիաները թույլ են տալիս նվազեցնել զարգացած երկրների տնտեսական կախվածությունը էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրներից։

- Խոսենք հայաստանյան իրականության մասին․ որքա՞նով է ՀՀ տնտեսությունը գիտելիքահենք:

- Ինչպես արդեն նշեցինք, գիտելիքահենք տնտեսության չափման առավել համալիր ցուցանիշներից մեկը նորարարությունների գլոբալ համաթիվն է։ 2021 թ․ Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը աշխարհի 132 երկրների շարքում։ Ընդհանրապես, նորարարական մեծ ծախսերը միշտ չէ, որ տալիս են գոհացուցիչ արդյունք: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է: Մեր երկիրը նորարարական ներդրանքը արդյունքի վերածելու բարձր արդյունավետություն է դրսևորում։ ԳՆՀ-ը բաղկացած է երկու ենթացուցանիշներից՝ «Նորարարությունների վրա կատարվող ծախսեր» և «Նորարարական գործունեության արդյունքներ»: Նորարարությունների վրա կատարվող ծախսերի ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 85-րդ հորիզոնականը, այն  դեպքում, երբ նորարարական գործունեության արդյունքների ցուցանիշով աշխարհում 56-րդ տեղում է։ Անբավարար են ներդրանքն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են կրթության վրա կատարվող ծախսերը (104-րդ տեղ), հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը (92-րդ տեղ), գիտության և ճարտարագիտության ոլորտում շրջանավարտների թիվը (89-րդ տեղ), QS վարկանիշավորման համակարգում առաջատար 3 համալսարանների միավորը (0 միավոր), որոնք հիմնարար նշանակություն ունեն գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում։ Հայաստանի նորարարական համակարգի առանցքային խնդիրներից մեկը գիտություն-արդյունաբերություն (96-րդ տեղ) թույլ կապերն են։ Գիտելիքահենք տնտեսության զարգացման համար կարևոր է մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերի ավելացումը, դրան զուգահեռ նաև գիտական արդյունքի առևտրայացմանն ուղղված խթանների ստեղծումը։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը