«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարադոնան ամեն ամիս 100 հազար եվրո օգնություն է տրամադրել 50 ընտանիքների

07/12/2020

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ամեն ամիս մոտ 10 միլիոն արգենտինական պեսո (մոտ 100 հազար եվրո) է տրամադրել մտերիմներին օգնելու համար, տեղեկացնում է Marca-ն:

Գումարները Մարադոնայի հաշվից փոխանցվել են 50 ընտանիքներին օգնելու համար: Խոսքը Մարադոնայի բարեկամների, հարազատների՝ Արգենտինայում ու այլ երկրներում գտնվող ընտանիքների մասին է: Այժմ արգենտինացու հաշիվները սառեցվել են Արգենտինայի հարկային ծառայության կողմից, ինչը նշանակում է, որ փոխանցումները դադարեցվել են:

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը նոյեմբերի 25-ին մահացել էր 60 տարեկանում։ Մարադոնան նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ ազգային թիմի կազմում դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: