«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան Կինոպարկում

28/04/2021

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, «Կինոպարկում» տեղի կունենա «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգության պրեմիերան:  
Գլխավոր դերերում՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Դանիելյան և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան: Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին:
Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ և դառնալով իրական հերոս: Ֆիլմը դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և ծիծաղաշարժ իրադարձություններով լի, իսկ ամենակարևորը՝ այն սովորեցնում է գնահատել իրական արժեքները: Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:  
«Կինոպարկը» հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ.-ին։ Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում խումբը ստեղծել և կայացրել է շուրջ 15 բիզնես միավոր Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոնը եղել է ոլորտային նորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակական կրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։ «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցների թիվը գերազանցում է երկու հազարը, և սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրերը կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում կազմում են ընկերության գործառնական աշխատանքի առանցքային բաղադրիչը։