«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ փոփոխություն է եղել ԱՊՊԱ համակարգում

11/02/2022

Lragir.am-ի զրուցակից է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը

Պարոն Քեյան, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, և թանկացումները վարորդների մոտ դժգոհություն են առաջացրել։ Մասնավորապես, վարորդներն ահազանգում են, որ անգամ որոշ դեպքերում ԱՊՊԱ վճարը մինչև 300 տոկոսով է թանկանում։ Կմեկնաբանե՞ք ինչ փոփոխություններ են եղել։

ԱՊՊԱ սակագնի մինչև 300 տոկոս ավելացումը նախկինում էլ է եղել, այնպես չէ, որ այս որոշմամբ է ներդրվել։ Տարիներ առաջ ներդրվել էր բոնուս-մալուս համակարգը, որի նպատակն էր կանխարգելել այնպիսի իրավիճակները, երբ վարորդները վթարներ էին սարքում ու գումարներ ստանում այս համակարգից, և իրենք վճարում էին նույն սակագինը։ Որպեսզի այդ տենդենցը նվազեցվեր, այն վարորդները, ովքեր կունենային վթարներ, իրենց համար հաշվարկվում էին լրացուցիչ մալուսներ, իսկ այն վարորդները, ովքեր վթար չունեին, իրենց տրվում էին բոնուսներ։ Այսինքն՝ այն վարորդներից, որոնցից հավաքվում էին մալուսները, դա ամբողջությամբ գնում էր բոնուս ստացող վարորդներին։ Ապահովագրական ընկերություններն ավել և պակաս գանձված գումարների տարբերությունից շահույթ չպետք է ստանային։

Ըստ էության սա թանկացում չէր, գործիք էր, որով կանխվել են վթարներ սարքողների գործողությունները։ Այսինքն՝ այս գործիքի կիրառման դեպքում, անկախ նրանից, թե ինչ չափի վնաս կպատճառվեր, մալուսները բոլորի համար նույն գործակցով էին կիրառվում։ Հիմա մի քիչ փոխվել է այդ մալուսային համակարգը, այսինքն՝ եթե դու մինչև 100 հազար դրամի չափով վնաս կպատճառես, ինչ-որ չափով մալուս կկիրառվի, 100-200 հազար դրամի համար՝ այլ չափով և այլն։ Եվ այնտեղ խիստ է դրվել մեկ հարց։ Նախկինում, եթե անձը վթարի ժամանակ 500 հազար դրամի վնաս պատճառեր, եթե առաջին դեպքն էր, կիրառվում էր 4 մալուսային միավոր, հիմա կկիրառվի 5-6 մալուսային միավոր, և ԱՊՊԱ-ն ավելի շատ կթանկանա, քան նախկինում։ Այսինքն՝ չի լինելու դեպք, որ եթե քաղաքացին տարվա ընթացքում մեկ վթար կունենա, իր ԱՊՊԱ-ն 300 տոկոսով կթանկանա։ Նման բան չկա ու չի լինելու։ Տարվա ընթացքում անձը պետք է ունենա 1 մլն 800 հազար դրամի վնաս պատճառելու երկուսից ավելի վթար, որպեսզի ապահովագրական վճարը 300 տոկոսով թանկանա։ Այդ դեպքում մալուսի այն գործակիցը կկիրառվի, որով ապահովագրական վճարը կթանկանա 300 տոկոսով։ Իսկ եթե անձն ունենա մեկ վթար, ապահովագրական վճարը կրկնապատկվելու է։

Այս թանկացումները արդարացվա՞ծ են։

Ինչ վերաբերում է 3000 դրամ սակագնի ճշգրտմանը, դա ապահովագրական համակարգի շարունակական աշխատելու համար է կարևոր։ Հատուցման համակարգի մեխանիզմի փոփոխություն տարիների ընթացքում չի եղել, բայց այդ համակարգում թանկացումներ են եղել՝ պահեստամասերի, մեքենաների վերանորոգման ծառայությունների արժեքի փոփոխություն է եղել միշտ։ Եվ քաղաքացիների դժգոհությունները տարեցտարի շատացել են, որ իրենց տալիս ենք իքս գումար, բայց դա մեքենային հասցված վնասին համարժեք չէ։

Եվ որպեսզի կարողանան համարժեք փոխհատուցում տալ, յուրաքանչյուրի համար է ԱՊՊԱ սակագնի 3000 դրամով թանկացո՞ւմ եղել, ի՞նչ է նշանակում 3000 դրամ սակագնի ճշգրտում։

Ոչ, յուրաքանչյուրի համար 3000 դրամով չի թանկացել, միասնական սակագին է սահմանվել 41 հազար դրամը։ Եվ այս միասնական սակագինը լրացուցիչ ռիսկերը հաշվի չի առնելու։ Օրինակ՝ ժամանակին տաքսի մեքենան միջինը վճարում էր 80-90 հազար դրամ ԱՊՊԱ վճար, որովհետև ինքը ռիսկային դաշտում էր, այս դեպքում ինքը 41 հազար դրամ է վճարելու։ Այսինքն՝ ռիսկային ոլորտի համար ավելի քան կրկնակի նվազել է սակագինը։ Նախկինում փոքր ձիաուժ ունեցող մեքենաների համար սակագինն այլ էր, տատնվում էր 28-54 հազար դրամի սահմաններում, հիմա 41 հազար դրամ է դարձել։ Այսինքն՝ փոքր ձիաուժ ունեցող որոշ մեքենաների համար թանկացում է եղել, իսկ այն մեքենաները, որոնց ձիաուժը բարձր է, իրենց համար էժանացում է եղել։ Այսինքն՝ ընտրվել է մի մոդել, որը հաշվարկների հիման վրա է ներդրվել։ Որոշվել է, որ այս հաշվարիների հիման վրա ևս հնարավոր է, որ ԱՊՊԱ համակարգն անխափան աշխատի, իր գործունեությունը շարունակի։ Ոլորտում խնդիր կար, քանի որ նախորդ տարվա հատուցումների գումարը հասել է 80 տոկոսի, այսինքն՝ հավաքագրված գումարի 80 տոկոսը հատուցվել է քաղաքացիներին։

Բյուրոյի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ փոփոխությունները պայմանավորված են նաև վթարների թվի աճով, ի՞նչ կասեք վթարների աճի մասին։

Վթարների թիվը կաճի, թե չի աճի, էական ազդեցություն ունենալը կախված է վնասներից։ Կարող է վթարների թվի կրճատում լինի, բայց բոլոր վթարները մեծ գույքային, նաև մարմնական վնաս հասցնեն։ Այսինքն՝ միայն վթարների քանակը չպետք է նայենք, այլ պատճառված վնասը, կարող է վթարների քանակը նվազի, բայց պատճառված վնասները մեծ լինեն։ Այս հարցի համատեքստում ևս պետք է նայել, թե հավաքագրված գումարների քանի տոկոսն է հատուցվել, կրկնում եմ, մենք ունենք հավաքագրված գումարի 80 տոկոս հատուցում։ Դրանով է սակագինը հաշվարկվում, այլ ոչ թե վթարների քանակով։

Տարիներ շարունակ սակագնի բարձրացման այս հարցը քննարկվել է, այնպես չէ, որ մեկ տարվա հարց է։ Երեք տարի է՝ ապահովագրական ընկերությունների մոտ խնդիր կար։ Եվ ամեն տարի զսպվել է, որ թանկացում չլինի՝ հույս ունենալով, որ հատուցման գումարները չեն աճելու, որովհետև տուգանքների համակարգեր ներդրվեցին, Պարեկային ծառայությունն սկսեց գործել։ Բայց պետության կողմից կատարված ոչ մի փոփոխություն այնպիսի ազդեցություն չունեցավ, որ այս համակարգի վնասաբերությունը նվազեր։ Հետևաբար, այլ ճանապարհ չկա, այստեղ հարցը հետևյալն է՝ կամ պետք է լինի այս համակարգը, կամ պետք է չլինի։