«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպիսի՞ն է եղել Իրանի դիրքորոշումն Արցախյան հակամարտության խնդրում․ իրանագետ Արտյոմ Տոնոյան

18/02/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Արտյոմ Տոնոյանը

- Կարևորելով հարևանների հետ հարաբերությունները՝ այսօրվա մեր զրույցում անդրադառնանք հայ-իրանական հարաբերություններին։ Մի փոքր խոսենք հայ-իրանական հարաբերությունների պատմությունից։

- Հայ-իրանական հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ և առնվազն 2500-ամյա պատմություն։ Եթե նայենք այս պատմական մեծ ժամանակամիջոցում հայ-իրանական հարաբերությունների ընթացքին, ապա կտեսնենք, որ դրանք լի են համագործակցության, բարեկամության և փոխօգնության էջերով, թեև եղել են նաև թշնամության և միմյանց դեմ պատերազմելու ժամանակներ։ Վերջիններից ամենահայտնի օրինակը, թերևս, մեր ազգային ինքնության մեջ առանցքային տեղ ունեցող և մեգապատմություն հանդիսացող Ավարայրի ճակատամարտն է։ Եթե խոսելու լինենք մեր պատմության զուտ նոր և նորագույն շրջանների մասին, Իրանը եղել է մեր միակ հարևանը, որի հետ չենք ունեցել տարածքային խնդիրներ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, և եղել է մեր միակ իսլամադավան հարևանը, որը ոչ միայն չի փակել Հայաստանի հետ իր սահմանները Արցախյան առաջին պատերազմի տարիներին և դրանից հետո, այլ նաև հանդես է եկել ակտիվ միջնորդական առաքելությամբ, կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Թեհրանում։

- Իրանի ու Հայաստանի աշխարհագրական առանձնահատուկ դիրքը հաշվի առնելով՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերում տնտեսական համագործակցության ի՞նչ հնարավորություններ կառանձնացնեիք։

- Տարածաշրջանային և միջազգային մակարդակներում տնտեսական համագործակցության տեսակետից մեր երկու երկրների աշխարհագրական դիրքը թույլ է տալիս խոսելու մի քանի հնարավորություններից։ Նախ, Իրանի հետ մեր անմիջական ցամաքային սահմանը և քաղաքական լավ հարաբերությունները նպաստավոր պայմաններ են մեզ համար անմիջապես հայտնվել 80-85 միլիոն բնակչությամբ իրանական շուկայում և ապա նույն Իրանի տարածքով ունենալ ելք դեպի ինչպես Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներ և ապա դեպի Հեռավոր Արևելք, այնպես էլ դեպի Պարսից ծոցի երկրներ մի կողմից, և դեպի Հնդկաստան՝ մյուս կողմից։ Հայաստանի հետ ցամաքային սահմանը թույլ է տալիս Իրանին ունենալ ցամաքային կապ ԵԱՏՄ-ի հետ, և այս միության մեջ Հայաստանը փաստացի միակ երկիրն է, որն ունի ցամաքային սահման ԵԱՏՄ հետ առևտրի հատուկ պայմանագիր ունեցող Իրանի հետ։ Սրանից բացի, Հայաստանը, լինելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկիր, ունի հնարավորություն դառնալու կամուրջ Իրանի և ԵՄ-ի երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում։ Տարիներ շարունակ խոսվում է Պարսից ծոց-Սև ծով կամ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հնարավորության մասին, որտեղ հատուկ տեղ է հատկացվում ՀՀ տարածքին։ Այս հնարավորության մասին բազմիցս հայտարարել են նաև ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև վերջին երկու նախագահները։ Բնականաբար, կան նաև որոշակի դժվարություններ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի աշխարհագրական բարդ ռելիեֆին, հատկապես Սյունիքի հատվածում, Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ աշխատանքներին, որը լոգիստիկ առումով կարևոր նշանակություն ունի, իսկ այժմ արդեն՝ սկսած 2021թ. սեպտեմբերից, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուն և ադրբեջանական մաքսային կետերի տեղադրմանը։ Ադրբեջանն այժմ մաքսեր է գանձում այդ ճանապարհով երթևեկող ինչպես հայկական, այնպես էլ իրանական բեռնատար և մարդատար մեքենաներից։   

- Անդրադառնանք Արցախյան հակամարտության խնդրին՝ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում․ ինչպիսի՞ն է եղել Իրանի դիրքորոշումն այս հարցում։

- Տասնամյակներ շարունակ Իրանը իր հարավկովկասյան քաղաքականության մեջ առաջնորդվել է հավասարակշռման և բալանսավորման սկզբունքով և Արցախյան հակամարտությունը չի փոխել Իրանի այդ քաղաքականությունը։ Իրանի համար հավասարապես կարևոր են եղել հարաբերությունները երկու երկրների հետ։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, թեև Իրանի վրա կար թուրք-ադրբեջանական շատ ուժեղ ճնշում և որպես իսլամական պետություն ակնկալվում էր, որ Իրանը, հետևելով Թուրքիայի օրինակին, պետք է փակի Հայաստանի հետ սահմանը, խորացնի մեր երկրի էներգետիկ և տնտեսական շրջափակումը և դրանով նպաստի շիայադավան մեծամասնություն ունեցող Ադրբեջանի հաղթանակին, սակայն Իրանը ոչ միայն չգնաց նման քայլի, այլև իր հնարավորության սահմաններում օգնեց Հայաստանին դուրս գալ տնտեսական շրջափակումից։ Առաջին պատերազմի տարիներին Իրանից Հայաստան է ներմուծվել ինչպես հացահատիկ, այնպես էլ զինտեխնիկայի համար անհրաժեշտ դիզվառելիք։ Եթե ճիշտ եմ հիշում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Իրանի հետ կապող ճանապարհը ժամանակին անվանել է «կյանքի ճանապարհ»։ Մեզ մոտ հաճախ կարելի է լսել կարծիքներ, որ ամեն դեպքում և՛ Իրանը, և՛ Ադրբեջանը իսլամական, առավել ևս երկուսն էլ շիայադավան մեծամասնությամբ երկրներ են և այստեղ կա իսլամական համերաշխության գործոն։ Ժխտել այդ իրողությունը, բնականաբար, պետք չէ և կան դեպքեր, երբ, օրինակ, Իսլամական համագործակցության կազմակերպությունում տարբեր տարիների ընթացքում Իրանը կողմ է քվեարկել Ադրբեջանի առաջարկած մի շարք հակահայկական բանաձևերի, կամ մշտապես խոսել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման իրավունքը հարգելու մասին, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այդ ամենը չի ունեցել որևէ կապ իրերի փաստացի դրության հետ և ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմի ժամանակ Իրանի հետ սահմանը մեզ համար եղել է միակ բաց սահմանը, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի և ո՛չ էլ որևէ այլ պետության ճնշման տակ չեն սահմանափակվել Իրանի քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ։ Եղել են և կան ընդհանուր շահեր, փոխգործակցություն, բարիդրացիական հարաբերություններ, որոնք կողմերը մշտապես բարձր են դասել և անհրաժեշտ պահերին հանդես եկել դրանց պաշտպանությամբ։  Համեմատության համար պետք է հիշել մեր հյուսիսային հարևանի օրինակը, որը վերջին պատերազմի ժամանակ իր տարածքով անգամ հումանիտար ապրանքների տարանցումն էր արգելում։

- Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են երկկողմ` հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները և մարտահրավերները։

- Կարծում եմ՝ Հայաստանը ձևավորվող այս նոր իրավիճակում պետք է ավելի խորացնի իր հարաբերություններն Իրանի հետ հնարավոր բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական և այլն։ Ավելին, Հայաստանը նոր այս իրավիճակում, երբ կանգնած է անվտանգային նոր մարտահրավերների առաջ, պետք է փորձի Իրանի հետ իր հարաբերություններում առաջնորդվել նաև այն հնարավորության հաշվարկով, որ Իրանը կարող է առանցքային դեր ունենալ մեր անվտանգային համակարգի վերակառուցման և ըստ նոր իրողությունների՝ նորոգման հարցում։ 2021թ. սեպտեմբեր ամսին տեղի ունեցած որոշ իրադարձություններ, մասնավորապես ՀՀ Սյունիքի մարզի դեմ ծրագրված թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունների տապալումը և չեղարկումը նաև իրանական կողմի ակտիվ ջանքերի շնորհիվ (զորքերի տեղակայում Արաքսի ամբողջ երկայնքով, քաղաքական խիստ հայտարարություններ և նախազգուշացումներ՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային, և այլն), անուղղակի ցուցիչ են այն բանի, որ Հայաստանի անվտանգային նոր համակարգի կառուցման հարցում պետք է հատուկ ուշադրություն դարձնել իրանական գործոնին և հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի դեմ իրականացվում է թուրք-ադրբեջանական համատեղ մի քաղաքականություն, որի հիմնական և առանցքային կետը Հայաստանի շրջափակումն է, մեկուսացնելը տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից և հասնել Հայաստանի սահմանների փակմանը նաև հյուսիսում և հարավում։ Նման պայմաններում Հայաստանը պետք է ձգտի ավելի խորացնել իր հարաբերությունները Իրանի հետ և չընդունել տասնամյակներ շարունակ մեզ հրամցվող այն կեղծիքը, որ Արցախը Ադրբեջանին հանձնելը կամ ցեղասպանությունից հրաժարվելը լինելու են մեր բաց սահմանների, և հետևաբար «լավ ապրելու» գինը։

- Կուզեի որպես մասնագետ լսել Ձեր կարծիքը՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում ճգնաժամի և ՀՀ համար դրա հնարավոր հետևանքների մասին․

- Ի տարբերություն հայ-իրանական հարաբերությունների, որոնք մշտապես կայուն են և դինամիկ զարգացող, Իրան-Ադրբեջան հարաբերություններում հաճախ ենք տեսնում խնդիրներ և դրանցից բխող սրացումներ երկկողմ հարաբերություններում։ Մեծ հաշվով դրանց հիմքում ընկած են խորքային մի քանի հակամարտածին գործոններ, որոնք ժամանակ առ ժամանակ՝ հատկապես Իրանում բարեփոխիչների՝ իշխանության եղած ժամանահատվածներում, մեղմվում են, առժամանակ անտեսվում, սակայն երբեք չեն վերանում և հաճախ ունենում են նաև սուր դրսևորումները։ Դրանցից կարելի է հիշել այստեղ և՛ կրոնական գործոնը, դրա հետ անմիջական առնչություն ունեցող ադրբեջանական իրանաֆոբիան, վախերը, որ Իրանն Ադրբեջանում ցանկանում է իրականացնել իսլամական հեղափոխություն և հաստատել աստվածապետական կառավարման ձև, և՛ տարածքային վեճերը՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ առնչվող, և՛ պանթյուրքական ու անջատողականության թուրք-ադբեջանական համատեղ քարոզը Ատրպատականի տարածքում, և՛ երրորդ երկրների հետ հարաբերությունները։ Եթե Ադրբեջանի համար խնդրահարույց են հայ-իրանական հարաբերությունները  և Արցախյան հակամարտության առնչությամբ իրանական դիրքորոշումները, ապա Իրանում այդպիսին են դիտվում  Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները։ ՀՀ համար դրանք պարունակում են ավելի շատ հնարավորություններ, քան ռիսկեր։ Պետք է հաշվի առնել նաև, որ ինչքան մեծանում է Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում, տրամագծորեն նույն չափով մեծանում է նաև լարվածությունը Իրան-Ադրբեջան հարաբերություններում և միաժամանակ նաև մեր հնարավորությունները, մեր հանդեպ ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև համատեղ անվտանգային համակարգ ունենալու մակարդակներում Իրանի հետաքրքությունը։ Մենք պետք է այս երկրի հետ ակտիվ և հետևողական աշխատանքի միջոցով ճիշտ և ամբողջական օգտագործենք այն ներուժը, որ կա մեր երկու երկրների հարաբերություններում։    

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը