«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական զորքերը՝ Ուկրաինայի հետ սահմանին․ սպասե՞լ նոր պատերազմի․ BBC-ի անդրադարձը

02/04/2021

Զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքերը չեն շտապում լքել Ուկրաինայի հետ սահմանային տարածքները, հայտնում է New York Times- ը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականներին: Միևնույն ժամանակ, ռուսական սոցիալական ցանցերում զանգվածաբար սկսել են հայտնվել հաղորդագրությունները ռուս-ուկրաինական սահման և 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ամերիկացիների գնահատականները, թե սահմանին որքան լրացուցիչ զորք է կուտակվել, տարբերվում են: Հրապարակման աղբյուրներից մեկը հայտնել է, որ խոսքը մոտ չորս հազար զինվորականի մասին է: Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ մարտի 30-ի դրությամբ, Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայվել են Ռուսաստանի զինված ուժերի 28 գումարտակային մարտավարական խմբավորումներ: Սակայն Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը նշում է, որ «առաջիկայում սպասվում է հակառակորդի՝ մինչև լրացուցիչ 25 գումարտակային մարտավարական խմբերի կենտրոնացում»: Դոնբասում ավելի հաճախակի դարձած գնդակոծությունների ֆոնին փորձագետները կրկին խոսում են Ուկրաինայի արեւելքում հակամարտության հնարավոր սառեցման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով հարցին, թե որն է Ուկրաինայի սահմաններին և Ղրիմում ռուսական ռազմական ուժի կուտակման պատճառը, հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր հայեցողությամբ տեղափոխում է զինված ուժերն իր տարածքով, և դա «չպետք է անհանգստացնի որևէ մեկին, այն ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում»: Ուկրաինայի տեղեկատվական հարթակներում սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման մասին գրեթե տեղեկություններ չկան։ Դոնբասը հասարակության լայն շրջանակների ուշադրությունը գրավեց այն բանից հետո, երբ մարտի 26-ին Գորլովկայի մերձակայքում 4 ուկրաինացի զինծառայող սպանվեց: Սա վերջին շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի ամենամեծ միաժամանակյա կորուստն էր, և այս միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հրավիրվեց Գերագույն ռադա: Նրա զեկույցը սկսվեց այն տեղեկատվությունից, որ Ռուսաստանն իր զինված ուժերը կուտակում է Ուկրաինայի սահմանների մոտ: Ճիշտ է, չի կարելի ասել, որ այս տեղեկատվությունը գրգռեց ուկրաինական հասարակությանը. ԶԼՄ-ները Խոմչակի զեկույցին անդրադարձան բավականին հեգնական ենթատեքստով: Խոմչակի ելույթի ժամանակ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Աննա Կոլեսնիկը իր հեռախոսից հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին․ «Լսում ենք Խոմչակին: Այս երկրից փախչել է պետք»: Գրառումը լուսանկարել են խորհրդարանական լրագրողներն ու հրապարակել։ Պատգամավորի այս գրառումը հանրության շրջանում զայրույթի ալիք էր բարձրացրել: «Կա՞ այսօր անմիջական սպառնալիք, որ վաղը առավոտյան կարթնանանք և պատերազմ կլինի։ Այսօր գխավոր շտաբը գնահատում է իրավիճակն այնպես, որ վաղը պատերազմ չի լինի։ Քանի որ դրանց համար պետք է լինեն համապատասխան գործոններ, Ռուսաստանի կողմից համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն այն տարածքներում, որոնք ժամանակավորապես չեն վերահսկվում մեր կառավարության կողմից: Այսօր մենք չենք տեսնում այն գործոնները, որոնք պետք է լինեին: Բայց, իհարկե, կա սպառնալիք»,- հայտարարել էր Խոմչակը: Պաշտոնական Կիևը մերժում է Դոնբասում հակամարտության ուժային լուծման հնարավորությունը: Ավելին, Եռակողմ շփման խմբի Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը հայտարարել է, որ Մինսկի բանակցությունների վերջին փուլի ընթացքում ինքը Ռուսաստանին առաջարկել է ապրիլի 1-ի կեսգիշերից նոր զինադադար հայտարարել: Սակայն, ըստ նրա, ռուսական կողմը չի սատարել այս առաջարկը: Իսկ ռուսական և ինքնահռչակ հանրապետություններից ԶԼՄ-ների հաղորդագրություններն ուկրաինական զինված ուժերի կողմից Դոնբասում լայնածավալ հարձակման նախապատրաստման մասին տեղեկություններն էլ ավանդաբար որակավորվում են որպես կեղծ: Սակայն Խոմչակն իր հարցազրույցներից մեկում արդեն իսկ հայտարարել է, որ ուկրաինական բանակի հարձակումը «հնարավոր է»։ Նրա խոսքով՝ «Ուկրաինան պետք է պատրաստ լինի հարձակման, պաշտպանվելու և մանևրելու գործողություններին»: