«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դպրոցներում գնահատման համակարգը և առարկաների ընտրության կարգը փոխվում է․ կառավարությունը որոշում ընդունեց

04/02/2021

Կառավարության նիստում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչները։

Անդրեասյանի խոսքով՝ նոր չափորոշիչը կստեղծի հնարավորություն գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ունենալ հնարավորինս քիչ սահմանափակող չափորոշչային պահանջներ, ինչը թույլ կտա արագ արձագանքել փոփոխություններին՝ առավելագույնս նպաստելով սովորողների կրթական տարատեսակ պահանջների բավարարմանը: Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

Ի տարբերություն գործող չափորոշչի՝ նախագծում կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար: Կարողունակությունների սահմանման համար հիմք են հանդիսացել Եվրոպայի Խորհրդի կողմից առաջադրված Ժողովրդավարական մշակույթի կոմպետենցիաները (CDC):

Ինչպես Հանրակրթության մասին ՀՀ օրենքով, այնպես էլ գործող Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված չէ «ուսումնական բնագավառ» հասկացությունը: Այս սահմանման բացակայության պարագայում հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով են առանձնացված ներկայիս ուսումնական բնագավառները և դրանց նպատակաուղղվածությունները ինչպես են իրար առնչվում: Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝

«Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»:

Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ դպրոցի տարբեր աստիճաններում ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրութան համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը, անհրաժեշտ կլինի անդրադառնալ գործող չափորոշչով նկարագրված ուսումնական բնագավառներին և վերաձևակերպել դրանք: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել հետևյալ 7 բնագավառները՝

1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ,
ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)
5) Հասարակություն, հասարակական գիտություններ
6) Արվեստ և արհեստ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Հաշվի առնելով ուսումնական բնագավառների վերաբերյալ ներկայացված առաջարկը, մասնավորապես դրանց վերախմբավորումն ու քանակի պակասեցումը, հենքային ուսումնական պլանի մասով ներկայացվում են միայն բարելավման առաջարկներ, որոնք կարտացոլեն վերոնշյալ առաջարկները:

Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ: Սա հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Կարևոր է նշել նաև, որ նախագծով առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող Չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Սա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։ Սա հատկապես կարևոր է ամբողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում: Ավագ դպրոցում նվազագույն ժամաքանակները սահմանված են այնպես, որ ուսումնական պլանը ձևավորելիս ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա ավելի շատ ժամեր տրամադրել պետական պարտադիր առարկաներին, աշակերտների ընտրած առարկաներին միևնույն ժամանակ ժամեր հատկացնել չափորոշչով սահմանված բոլոր բնագավառներին: Դասարանների շաբաթական ծանրաբեռնվածության պակասեցումը չի խոչընդոտի ծրագրով նախատեսված նյութի յուրացումը, հաշվի առնելով առարկայական ծրագրերում նախատեսված բովանդակության բեռնաթափումը: Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։

Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ և անհատական բաղադրիչ: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։ Ինչը կարևոր է, պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում անհատական բաղադրիչի ֆինանսավորումը ներառված է, ինչը նշանակում է, որ երաշխավորված է լինելու խմբակների և հետազոտական աշխատանքների ֆինանսավորումն ու իրականացումը՝ նպաստելով սովորելու արդյունավետ միջավայրի ձևավորմանը։ Սա հատկապես կարևոր է հանրակրթական ուսումնական հաստատության երրորդ աստիճանում, որի պարագայում անհատական բաղադրիչի կշիռը կազմում է տասնհինգ տոկոս՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել անհատական դասացուցակ և ուղեծիր աշակերտների համար։ Համադրվելով երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման ծրագրերին՝ սա հնարավորություն կտա սովորողներին ճկուն ձևաչափով ներգրավվել համայնքում գործող տարբեր հաստատություններում՝ կրեդիտային համակարգի միջոցով ապահովելով այդ արդյունքի գրանցումը հանրակրթական ուսումնական հաստատության կողմից։ Կարևոր է նաև երրորդ աստիճանում մոդուլային ուսուցման հնարավորության ներդրումը, որը թույլ կտա ուսումնական հաստատություններին ձևավորել շատ ավելի համարժեք և արդյունավետ ուսումնական պլաններ՝ էապես բարձրացնելով հանրակրթության երրորդ աստիճանի որակը։

Կարևոր փոփոխություններից է սկսած յոթներորդ դասարանից նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնահատման համակարգը կառուցվածքային տեսանկյունից մասնատված է տարբեր փաստաթղթերում։ Ուսուցիչներն ընթացիկ և ամփոփիչ գնահատումն իրականացնում են՝ հիմնականում հիմնվելով գնահատման ուղեցույցների վրա և առաջնորդվում կոնկրետ տարվա ցուցումներով։ Վերջիններս ուղղորդիչ բնույթ ունեն և հարուստ են պատրաստվածության ստուգման տեսակների օրինակներով։

Համակարգային մասնատվածությունը հնարավորություն չի ընձեռում հստակ կապ ստեղծել գնահատման համակարգի և չափորոշչային պահանջների միջև։ Թե՛ գնահատման համակարգի և թե՛ չափորոշչային պահանջների մասնատված ներկայացումը բերում է տարընթերցման և տարըմբռնման։

Չափորոշչում գնահատման նկարագրությամբ սովորողներին ներկայացվող պահանջները հիմնականում իմացական գիտելիքի բնույթի են, և առկա է կիրառական հմտությունների և կարողությունների շեշտադրումների պակաս։ Բացի այդ, գործող գնահատման համակարգում շեշտադրվում է դրանում պատժի բաղադրիչը՝ հիմնված միավորային գնահատման վրա։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս արդի պայմաններում միավորային գնահատման ոչ բավարար լինելը՝ սովորելու արդյունավետ միջավայր ապահովելու տեսանկյունից և դրան ի համեմատ ուսուցանող և ձևավորող գնահատման բաղադրիչի շեշտադրման անհրաժեշտությունը։

Նախագծում առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը։

Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ, ի թիվս որոնց, ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա, և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և այլն: Անդրադառնալով այդ փորձին, ԱՄՆ-ի հանրակրթության ազգային չափորոշիչները (ստանդարտ) կարգավորում են միայն լեզվի և մաթեմատիկայի դասավանդումը և կրթության բովանդակության մնացած ծավալը կարգավորվում է նահանգների չափորոշիչներով: Սրա արդյունքում կարելի է նկատել դպրոցներում դասավանդվող կրթության բովանդակության ճկունություն, ինչը հնարավորություն է տալիս այն համապատասխանեցնել կոնկրետ շրջանի բնակիչների կարիքներին: Ավելին, յուրաքանչյուր նահանգի չափորոշիչ նկարագրում է միայն առարկայական վերջնարդյունքները, առանց հստակեցնելու կոնկրետ բովանդակություն կամ ժամաքանակ: Այս գործառույթները իրականացվում են առանձին դպրոցների մակարդակում և տալիս ուսուցիչներին հնարավորություն կազմել ճկուն և աշակերտների կարիքներին արձագանքող առարկայական ծրագրեր: Այնուամենայնիվ, ազատության այսպիսի մեծ աստիճանը ենթադրում է ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման համապատասխան համակարգ, ինչպես նաև առարկայական ծրագրեր մշակելու հարուստ փորձառություն ունեցող ուսուցչական անձնակազմ: Այս հանգամանքը հաշվի առնելով, ներկայացված տրամաբանության շրջանակում առաջարկվող նախագծի մեջ ներդրված է ազատության ավելի չափավոր մակարդակ, այն է, հանրակրթության պետական չափորոշչով առաջարկվում է սահմանել այն ընդհանրական կարողունակություններն ու հանրակրթության հիմնական ծրագրերի շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքները, որոնք կուղղորդեն առարկայական ծրագրերի մշակումը: Միևնույն ժամանակ, բնագավառների նվազագույն բովանդակություն չսահմանելով և դրանց հատկացվող ժամաքանակի տոկոսային ներկայացվածությամբ ապահովվում է ազատության և ճկունության ընդունելի մակարդակ:

Էստոնիայի հանրակրթության չափորոշիչը կառուցվածքով մոտ է առաջարկվող հանրակրթության պետական չափորոշչին: Այն կարգավորում է հանրակրթության արդյունքում աշակերտների շրջանում ձևավորվող կարողունակությունները, ուսումնառության նպատակները և մեթոդական մոտեցումները ըստ կրթական աստիճանի, առարկայացանկի ձևավորման սկզբունքները և առարկաներին հատկացվող ժամերի քանակը ու գնահատման սկզբունքները: Այն ներառում է նաև պարտադիր և ընտրովի առարկաների ծրագրերը: Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող նախագիծը չի ներառում առարկայական ծրագրեր, համահունչ դպրոցների ազատության և բովանդակային ճկունության մեծացման գաղափարախոսությանը: Այնուամենայնիվ, նախագծով առաջարկվում է պետության կողմից սահմանել հետևյալ առարկաները, որպես պարտադիր՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու: Այս կարգավորումը թույլ կտա պահպանել որոշակի ընդհանրականություն այս ուղղություններով:

Սինգապուրի փորձը նույնպես կառուցվածքով նման է առաջարկվող նախագծին: Մասնավորապես, առանձնացված են այն հիմնական կարողունակությունները, որոնք ընդհանուր են բոլոր հանրակրթական հաստատությունների համար և պետք է ապահովվեն հանրակրթության ավարտին, դրան զուգահեռ սահմանվում են նաև ցանկալի արդյունքները ըստ կրթական աստիճանների: Բովանդակության կարգավորումը Սինգապուրյան մոդելում իրականացվում է առարկայական չափորոշիչների միջոցով, որոնք ևս պարտադիր են բոլոր հանրակրթական դպրոցների համար:

Արդյունքում ակնկալվում է, որ նախագծի ընդունումը թույլ կտա ունենալ կարողունակությունների ձևավորմանն ուղղված հանրակրթության բովանդակություն, որին կհետևի չափելի վերջնարդյունքների հիման վրա առարկայական ծրագրերի, գնահատման մեթոդաբանության մշակում և դասագրքերի ստեղծում։ Չափորոշիչը հնարավորություն կընձեռի ստանալ ուսումնական նյութի և դրա ուսումնասիրության համար նախատեսված դասաժամերի այնպիսի հարաբերություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին հասկանալ այն, սովորել և կարողանալ կիրառել։ Այն դպրոցներին հնարավորություն կտա ստեղծել աշակերտների կարիքներին համապատասխան ուսումնական պլան, գնահատումն իրականացնել ուսումնական հաջողությունները գրանցելու, բացթողումները տեսնելու և դրանք հաշվի առնելու դասավանդման ընթացքում։ Չափորոշչի ընդունմամբ գնահատման քանակական (միավորային) և որակական (ուսուցանող) եղանակների մեջ որակական գնահատման տեսակարար կշիռը զգալի կմեծանա՝ նպաստելով սովորողների հաջողությունների և բարելավման ուղղությունների որակյալ նկարագրությանը։ Չափորոշչի ընդունման արդյունքում կմեծացվի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղղվող ֆինանսավորումը՝ ընձեռելով աշակերտների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև տարաբնույթ խմբակների ֆինանսավորման հնարավորություն, իսկ անհատական բաղադրիչի ներդրումը թույլ կտա ունենալ յուրաքանչյուր աշակերտի կարիքներին ու պահանջներին ուղղված կրթության կազմակերպում։