«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքանո՞վ է ՀՀ-ում իշխանությունը ձևավորվում և գործում մասնակցային սկզբունքով․ ք․գ․թ․,դոցենտ Հասմիկ Շափաղաթյան

11/02/2022

Generalnews.am-ի հյուրն է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանը

- Զրուցենք քաղաքական մասնակցության էության, եզրույթի առաջացման ու ժողովրդավարության հետ դրա անմիջական կապի մասին։

- Սիրով զրուցենք մի պրոբլեմի մասին, որով զբաղվում եմ բավական երկար, սակայն պիտի նշեմ, որ վերջին տարիների ընթացքում, հատկապես <<հետքովիդյան>> ժամանակահատվածում էականորեն փոխվել է քաղաքական մասնակցության և ձևը, և բովանդակությունը, և ընդհանրապես նպատակները:

Ինչ վերաբերում է քաղաքական մասնակցության երևույթին ընդհանրապես, ապա հարկ է նշել, որ քաղաքական մասնակցությունը գոյություն ունի այնքան, որքան գոյություն ունի մարդը: Սակայն հասարակարգերի փոփոխվելուն զուգընթաց էականորեն փոխվել է նաև քաղաքական մասնակցության բովանդակությունը և հստակեցվել է մասնավորապես ժողովրդավարական վարչակարգի պայմաններում:

Ժողովրդավարությունն ամենաուղղակի կապն ունի քաղաքական մասնակցության հետ, քանի որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի միջոցով հանուն ժողովրդի կառավարման ռեժիմ, որն էլ իրացվում է հենց քաղաքական մասնակցության միջոցով: Քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության պայմաններում դրսևորվում է ընտրությունների, ցույցերի, պիկետների, գործադուլների և քաղաքական վարքի այլ դրսևորումների տեսքով:

Ժողովրդավարությունը կառավարման ամենահին ձևն է, որի արմատները կարելի է տեսնել համաշխարհային պատմության ամենավաղ փուլերում: Դարերի ընթացքում ժողովրդավարությունն ընկալվում էր որպես իդեալ: Ժողովրդավարությունը հավանաբար առավել հաճախ օգտագործվող հասկացություններից է ինչպես արդի գիտության, այնպես էլ հասարակական-քաղաքական  հարացույցում: Դա բացատրվում է ժողովրդավարության՝ որպես գաղափարի, իդեալի, գործելակերպի ու հասարակության զարգացման չափանիշի հաղթարշավով ժամանակակից աշխարհում: Գործնականում ամեն տարի մեծանում է այն երկրների թիվը, որոնք ժողովրդավարական են համարվում, և համապատասխանաբար նվազում է ոչ  ժողովրդավարական երկրների քանակը:

Ամփոփեմ. աքսիոմատիկ ճշմարտություն է այլևս, որ ժողովրդավարության կարևոր և առանցքային ցուցիչ է ակտիվ քաղաքական մասնակցության դրսևորումները հասարակության մեջ, ասել կուզեմ՝ որքան քաղաքացին հնարավորություն ունի ազատ և անարգել դրսևորել ակտիվ քաղաքական վարք, այսօր արդեն կիբեռտարածքում, այնքան ժողովրդավարության աստիճանն ավելի բարձր է:

- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մասնակցային ժողովրդավարությունը։

- Դեռևս քառորդ դար առաջ Էրիխ Ֆրոմը գտնում էր, որ ժողովրդավարությունը կարող է դիմակայել ինքնակալության սպառնալիքին միայն այն դեպքում, եթե նա պասիվ, այսինքն <<դիտորդների>> ժողովրդավարությունից վերածվի ակտիվ, այսինքն, երբ հասարակության գործերն առանձին քաղաքացիների համար լինեն նույնքան սրտամոտ ու կարևոր, որքան իրենց անձնական գործերը, և երբ հասարակության բարօրությունը դառնա յուրաքանչյուր քաղաքացու անձնական գործը: Մասնակցային ժողովրդավարության առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նա հնարավորություն է տալիս հաղթահարել այսպես կոչված ժողովրդավարության դեֆիցիտը:

- Ի՞նչ է մասնակցության ժողովրդավարությունը:

- Մասնակցության ժողովրդավարությունը հասարակության կազմակերպության այնպիսի ձև է, երբ քաղաքացիներն ակտիվորեն ներքաշված են անմիջականորեն քաղաքականության մշակման իրենց կարևոր հետաքրքրություններին վերաբերող որոշումների ընդունման, կառավարման գործունեության և պետական ու հասարակական ինստիտուտների գործունեության վերահսկման մեջ, որի ժամանակ տեղի է ունենում իշխանական գործառույթների և իրավասությունների զգալի վերաբաշխում կենտրոնի, շրջանների և տեղական համայնքների միջև: Սա ժողովրդավարության մի մոդել է, որը ենթադրում է քաղաքացիների բարձր ակտիվություն և ուղղակի մասնակցություն:

- Ինչպե՞ս, ի՞նչ ձևերով է արտահայտվում քաղաքական մասնակցությունը ժողովրդավարական համարվող հասարակություններում։

- Ժողովրդավարական հասարակություններում քաղաքական մասնակցությունն արտահայտվում է ամենատարբեր ձևերով՝ ակտիվ, պասիվ, անմիջական, ներկայացուցչական, օրթոդոքսալ, կոնվենցիոնալ և այլն: Բայց առանձին-առանձին չմտնելով այդ տեսակների բազմազանության դաշտ՝ կառանձնացնեի հետևյալներն ավելի լայնամասշտաբ դրսևորումներով.

  • քաղաքացիական գործողություններ, որոնք նախաձեռնվում և վերահսկվում են քաղաքացիների կողմից այն նպատակներով, որոնք հենց իրենք են սահմանում:
  • քաղաքացիական մասնակցություն, որը նախաձեռնվում և վերահսկվում է կառավարության կողմից որոշումների, ծրագրերի և սպասարկման բարելավման, նաև հասարակության աջակցությունը ստանալու նպատակով:
  • ընտրական մասնակցություն, որը  նախաձեռնվում և վերահսկվում է կառավարության կողմից (որի մեջ մտնում են քվեարկությունը, թեկնածուին աջակցելը, գործողություններ` ուղղված  կողմ կամ դեմ երևույթներին:
  • պարտադիր մասնակցությունը պարտականությունների կատարմանը, որոնք քաղաքացիներից պահանջվում են օրենքով (օր.հարկերի վճարում):

- Քաղաքական մասնակցության ի՞նչ հիմնախնդիրներ կառանձնացնեիք, որ ընդհանուր են թե՛ ժողովրդավարական, թե՜ անցումային հասարակությունների (կառավարությունների) համար։

- Քաղաքական մասնակցության հիմնախնդիրները բազմաթիվ են և բազմազան՝ սկսած մասնակցային սուբյեկտների քանակից, որակից, վերջացրած այն քաղաքական պայմաններով, որոնցում իրականացվում է քաղաքական մասնակցությունը:

Մի քանի հիմնախնդիրներ նշեմ, որոնք առկա են երկու դեպքում էլ.

  • շարքային քաղաքացու մոտիվացվածության հիմնախնդիրը, որը կարող է հանգեցնել ինչպես խեղաթյուրված ու ոչ բանական վարքին, այնպես էլ ագրեսիվ ու ոչ կառուցողական ակտիվությանը:
  • Ցածր է ժողովրդավարական արժեքների տարածվածության և հիմնավորվածության աստիճանը ինչպես կառավարող, այնպես էլ հասարակական շրջաններում: Ի դեպ, խնդրահարույց է այս առումով նաև քաղաքական ընդդիմության վիճակը: Քաղաքացիական մշակույթի և գիտակցության զարգացմանն ուղղված լայնամասշտաբ միջոցառումների անհրաժեշտություն է զգացվում,
  • Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև հասարակական-քաղաքական շրջանակներում դեռևս ցածր է ժողովրդավարական արժեքային մոտեցումների ձևավորման մակարդակը:

- Խոսենք հայաստանյան իրականության մասին․ որքանո՞վ է ՀՀ-ում իշխանությունը ձևավորվում և գործում մասնակցային սկզբունքով։

- Հայաստանյան ժողովրդավարության զարգացումն այս տեսանկյունից քննարկելու դեպքում առանցքային է դառնում Ձեր բարձրացրած հարցը, այն է՝ թե որքանո՞վ է իշխանությունը Հայաստանում ձևավորվում  և գործում մասնակցային սկզբունքով, ինչին պատասխանելու համար պիտի հասկանալ և արձանագրել մի շարք հարցեր, օրինակ՝ ի՞նչ դրդապատճառներով են առաջնորդվում քաղաքացիները ընտրությունների ժամանակ, որքանո՞վ է երաշխավորված ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը, և որքանո՞վ են քաղաքացիները հավատում դրան, որքանո՞վ են երաշխավորված թեկնածուների կարողությունների և ունակությունների բացահայտման ու իրացման հավասար կամ հորիզոնական հնարավորություններն ու պայմանները և այլն:

Այն կարծրատիպերը, ըստ որոնց մասնակցության միայն թվական բնութագրերը բավարար են դա հասկանալու համար, ինձ համար ընդունելի չեն, քանի որ, իմ խորին համոզմամբ, դա կարող է բավարար լինել միայն ընտրությունների հաշվարկի համար, բայց ոչ մասնակցային սկզբունքով իշխանության ձևավորման գործընթացը գնահատելու համար: Դրա համար անհրաժեշտ է և որակական, և քանակական ասպեկտների վերլուծություն: Սակայն հանուն արդարության պիտի նշեմ, որ վերջին տարիներին անհամեմատ բարձրացել է մեր քաղաքացիների քաղաքական ակտիվությունը, ինչը հույս է ներշնչում:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը