«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցեղասպանության «դասագիրք»՝ գերմաներենով․ նոր դասընթաց Վեստֆալիայի դպրոցներում

29/04/2021

Գերմանիայի ամենախիտ բնակեցված՝ շուրջ 18 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիս Հռենոսյան Վեստֆալիա նահանգի որոշ դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին գրքի նյութերը կներկայացվեն դպրոցական դասագրքերին կից։ Այս մասով արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել առանձին դպրոցների դպրոցական վարչությունների հետ։ Դասավանդման ներկայացվածն օրեր առաջ (ապրիլ 2021թ․) լույս տեսած «Արմատները օդում․ ցեղասպանություն և կյանքի հետքեր» ժողովածուն է, որտեղ հավաքված են 27 կարճ պատմություներ Հայոց, Հունաց և Ասորաց Ցեղասպանությունների տարբեր դրվագների մասին։ Պատմությունների հեղինակները հայեր են, ասորիներ, հույներ, գերմանացիներ և անգամ թուրքեր։ Նրանք վավերագրել են իրենց նախնիների պատմությունները։

Գրքի համահեղինակ, պատմաբան, Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը պատմում է, որ գիրքը հրատարակելու գաղափարը ծնվել է 2016 թվականի հունիսի 2-ից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Զրուցակիցս ասում է՝ 2 առիթով է գիրքը հենց այս տարի լույս տեսել, առաջինը՝ լրանում է վերոնշյալ բանաձևի ընդունման 5 ամյակը, երկրորդը՝ լրանում է 100 տարին, ինչ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրյանին գերմանական դատարանը երկուսուկես ամիս անց ճանաչեց անմեղ։

«Հույն հեղինակներից մեկի պատմությունը վերնագրված է «Ի՞նչ են տեսել մեր աչքերը»։ Հեղինակը պատմում է, թե ինչպես են թուրքերն իր աչքերի առջև կոտորել հայ մանուկներին։ Առհասարակ հունական, ասորական, գերմանական և թուրքական պատմությունները միայն իրենց մասին չեն, կապված են նաև հայերի հետ»,-ասում է Ազատ Օրդուխանյանը։

 Պատմությունները խիստ զգայացունց են, նաև հատուկ են կարճ գրված, յուրաքանչյուրը մի քանի էջ։ Զրուցակցիս կարծիքով՝ հատկապես մանուկներին ու պատանիներին չեն գրավում հաստափոր գրքերը և երկարաշունչ պատմությունները։ Գերմանիայում ապրում են ռադիկալ թուրքեր, որոնք իրենց երեխաներին այսօր էլ մեծացնում են հայատյացություն սերմանելով՝ ասում է Ազատ Օրդուխանյանը։ Ուստի ստեղծված ժողովածուն կարեւոր է ու անհրաժեշտ երիտասարդ թուրք սերնդին նախնիների ոճրագործություններին ծանոթացնելու համար, հատկապես, որ գրքում ներառված են նաև իրենց հայրենակիցների վավերագրերը․

«3 թուրք հեղինակ է ներառված գրքում։ Մեկն Ալի Էրթեմն է, որը Գերմանիայում հիմնել է «Միություն՝ ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը, ամեն տարի հորդորում է Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը, կարծես մեզնից ավելի շուտ է անգամ պատրաստվում այդ օրվան, ընտանիքով եկել է Հայաստան և ծնկի եկել ցեղասպանության հուշահամալիրում։ Մյուսը կեղծանունով հանդես եկող թուրք ուսուցչուհի է, ով պատմում է Արևմտյան Հայաստանի իր գյուղի մասին, որտեղ ժամանակին հայեր են ապրել, իսկ մյուսը բավականին հայտնի թուրք գրող Բարբարոս Ալթուկն է, ով ուսումնասիրում է հայոց պատմությունը և գրում դրա մասին»,-ասում է ազատ Օրդուխանյանը։

 Օրդուխանյանն ասում է՝ նոր աշխատությամբ դասավանդելու հարցով Գերմանիայի Հյուսիս Հռենոսյան Վեստֆալիա երկրամասի մի շարք դպրոցների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սրանով զբաղվում է գրքի համատեղ հրատարակիչ, դրա առաջաբանի հեղինակ, գերմանուհի գրող Հայդե Ռիքը, ով ոչ միայն մեր քաղաքի գրողների միության երկարամյա խոսնակն է եղել, այլ վաստակավոր ուսուցչուհի և բազմաթիվ գրքերի հեղինակ։ Գիրքը գերմաներեն է, առաջիկայում նաեւ հայերեն թարգմանությունը կլինի։ Գերմանական դպրոցներում սովորում են հայեր և թուրքեր՝ իրար կողքի։ Ըստ պատմաբանի՝ կա ռիսկ, որ հայերի ցեղասպանության մասին պատմող գիրքը համարժեք արձագանք չի ունենա թուրք երեխաների, երիտասարդների և նրանց ծնողների շրջանում։ Այդ պատճառով նյութը հնարավորինս ճիշտ և մատչելի ներկայացնելու համար դրանում ներառված զգայուն հարցերը նախապես քննարկվում են պատմության կամ հասարակագիտության ուսուցիչների հետ։ Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ անհրաժեշտ է հենց դպրոցից ներկայացնել իրական պատմությունը՝ փաստերով եւ փաստարկված, որպեսզի երիտասարդ սերունդն ի սկզբանե տարբեր ազգերի հեղինակների պատմություններով իմանա թե ինչպիսի արհավիրք է տեղի ունեցել 106 տարի առաջ՝ հայերի հանդեպ հայերի հայրենիքում։