«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Դժվար է անընդհատ երգել Արցախի մասին՝ Արցախից հեռու. պատանի երաժիշտները ցանկանում են վերադառնալ Արցախ

13/02/2021

Պատերազմի առաջին օրերին Նեքսուս արվեստի կենտրոնն իր դռները բացեց Հայաստան տեղափոխված պատանի արցախցիների առաջ, որոնք չէին պատկերացնում իրենց կյանքն առանց երաժշտության:  

Կենտրոնը բացվել է 4 տարի առաջ: Հիմնականում գործակցում են Յունիսեֆի և այլ հիմնադրամների հետ։

Աննա Միքայելյան («Նեքսուս» արվեստի կենտրոնի տնօրեն)-Արցախի ծրագիրը շատ բնական ստացվեց: Երբ պատերազմը սկսվեց, մենք ցանկանում էինք մի բան անել ու մեր զենքով՝ երաժշտությամբ կռվել:

Կենտրոնի տնօրենը համոզված է՝ երաժշտությունն օգնում է հաղթահարել ցավն ու շարունակել ապրել: Ու շարունակեցին: Ստեղծեցին խումբ, անվանեցին «Արցախիկներ» ու որոշեցին տաղանդով պայքարել պատերազմի հետևանքների դեմ: Մոտ ապագայում ցանկանում են հյուրախաղերով մեկնել Արցախ. դժվար է անընդհատ երգել Արցախի մասին՝ Արցախից հեռու:

Շեփորահար Տիգրան Սուչյանը  առաջին անգամ Նեքսուս է եկել պատերազմի օրերին, իմացել է պատանի երաժիշտների մասին ու որոշել օգնել: «Արցախիկները» Տիգրանի հետ կատարում են ոչ միայն հայտնի ստեղծագործություններ տարբեր մշակումներով, այլև հեղինակային գործեր: Համոզված են՝ դեռ երկար են երաժշտությամբ զբաղվելու։

Տիգրան Սուչյան (շեփորահար) - Հույս ունեմ, որ միայն հոբբի չէ, որովհետև երբ նրանք սկսեն հասկանալ իրենց պոտենցիալը, կկարողանան շարունակել այս մասնագիտությամբ: Եթե սիրում ես քո գործը, ամեն ինչից կարող ես նեղանալ, խռովել, հեռանալ, բայց գործիդ ես վերադառնում: Այդպիսով փրկվում ես դաժան իրականությունից ու սկսում մասնագիտությանդ մեջ կատարելագործվել:

Անուշը Ստեփանակերտից է։ Երևան գալուն պես ընկերներով հավաքվել են, որոշել օգնել հայրենակիցներին՝ իրենց տաղանդով:

Անուշ Ասրյան («Արցախիկներ» խմբի անդամ)-«Արդեն սովորում եմ Երևանում և հուսով եմ, որ մի օր գիտելիքներս կփոխանցեմ նաև Արցախի երաժշտական կրթական օջախների սաներին»:

Պատերազմի ընթացքում հասցրել են լինել Ծաղկաձորում, Վանաձորում, Արմավիրում, հանդիպել են հյուրանոցներում ապաստանած արցախցիներին, այցելել վիրավոր զինվորներին: Սակայն միայն երգով չէ, որ օգնել են պատերազմից տուժածներին:

Վահագն Աբաղյան («Արցախիկներ» խմբի անդամ)-«Արցախ» բենդով երգել ենք Հյուսիսային պողոտայում և ստացված գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Հեղինակ՝  Դիանա Գասպարյան