Դժվար է անընդհատ երգել Արցախի մասին՝ Արցախից հեռու. պատանի երաժիշտները ցանկանում են վերադառնալ Արցախ
Պատերազմի առաջին օրերին Նեքսուս արվեստի կենտրոնն իր դռները բացեց Հայաստան տեղափոխված պատանի արցախցիների առաջ, որոնք չէին պատկերացնում իրենց կյանքն առանց երաժշտության:
Կենտրոնը բացվել է 4 տարի առաջ: Հիմնականում գործակցում են Յունիսեֆի և այլ հիմնադրամների հետ։
Աննա Միքայելյան («Նեքսուս» արվեստի կենտրոնի տնօրեն)-Արցախի ծրագիրը շատ բնական ստացվեց: Երբ պատերազմը սկսվեց, մենք ցանկանում էինք մի բան անել ու մեր զենքով՝ երաժշտությամբ կռվել:
Կենտրոնի տնօրենը համոզված է՝ երաժշտությունն օգնում է հաղթահարել ցավն ու շարունակել ապրել: Ու շարունակեցին: Ստեղծեցին խումբ, անվանեցին «Արցախիկներ» ու որոշեցին տաղանդով պայքարել պատերազմի հետևանքների դեմ: Մոտ ապագայում ցանկանում են հյուրախաղերով մեկնել Արցախ. դժվար է անընդհատ երգել Արցախի մասին՝ Արցախից հեռու:
Շեփորահար Տիգրան Սուչյանը առաջին անգամ Նեքսուս է եկել պատերազմի օրերին, իմացել է պատանի երաժիշտների մասին ու որոշել օգնել: «Արցախիկները» Տիգրանի հետ կատարում են ոչ միայն հայտնի ստեղծագործություններ տարբեր մշակումներով, այլև հեղինակային գործեր: Համոզված են՝ դեռ երկար են երաժշտությամբ զբաղվելու։
Տիգրան Սուչյան (շեփորահար) - Հույս ունեմ, որ միայն հոբբի չէ, որովհետև երբ նրանք սկսեն հասկանալ իրենց պոտենցիալը, կկարողանան շարունակել այս մասնագիտությամբ: Եթե սիրում ես քո գործը, ամեն ինչից կարող ես նեղանալ, խռովել, հեռանալ, բայց գործիդ ես վերադառնում: Այդպիսով փրկվում ես դաժան իրականությունից ու սկսում մասնագիտությանդ մեջ կատարելագործվել:
Անուշը Ստեփանակերտից է։ Երևան գալուն պես ընկերներով հավաքվել են, որոշել օգնել հայրենակիցներին՝ իրենց տաղանդով:
Անուշ Ասրյան («Արցախիկներ» խմբի անդամ)-«Արդեն սովորում եմ Երևանում և հուսով եմ, որ մի օր գիտելիքներս կփոխանցեմ նաև Արցախի երաժշտական կրթական օջախների սաներին»:
Պատերազմի ընթացքում հասցրել են լինել Ծաղկաձորում, Վանաձորում, Արմավիրում, հանդիպել են հյուրանոցներում ապաստանած արցախցիներին, այցելել վիրավոր զինվորներին: Սակայն միայն երգով չէ, որ օգնել են պատերազմից տուժածներին:
Վահագն Աբաղյան («Արցախիկներ» խմբի անդամ)-«Արցախ» բենդով երգել ենք Հյուսիսային պողոտայում և ստացված գումարն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան