«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2020 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ

22/12/2020

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց Տարվա լավագույն մարզիչ անվանակարգում առաջադրված թեկնածուների անունները։ Նրանք ենք՝ ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ներկայիս գլխավոր մարզիչ, իսպանացի Դավիդ Կամպանյան, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Մարզիչների լավագույն եռյակը կկազմվի քվեարկության արդյունքում։

Ի տարբերություն վերջին մի քանի տարիների՝ այս անգամ Լավագույն մարզիչ անվանակարգում ամեն ինչ կարծես թե պարզ է։ Առանց երկմտելու կարող ենք ասել, որ տարվա լավագույն մարզիչը Խոակին Կապառոսն է։ Նրա գլխավորությամբ մեր գլխավոր թիմը պատմության մեջ առաջին անգամ հաղթող դարձավ ընտրական ենթախմբում՝ նվաճելով Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր։ Սա արդյունք է, որ լավագույնս է արտացոլում իսպանացի մասնագետի կատարած աշխատանքը։ Կապառոսը միանգամայն արժանի է այս կոչմանը։

Ընդամենը երկու ամիս առաջ դժվար էր հավատալ, որ մեր հավաքականը կարող է ընտրական ենթախմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Հոկտեմբերին Վրաստանի և Էստոնիայի դեմ մրցավեճերում մերոնք ցույց տվեցին դժգույն և թույլ ֆուտբոլ։ Ցույց տվեցին այն ֆուտբոլը, որ սովորաբար ցուցադրում էին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ էին դուրս գալիս սեփական կիսադաշտից, իսկ փոխանցումների զգալի մասն ուղղակի չէր ստացվում։ Արդեն այսօր մենք հպարտանում ենք մեր հավաքականով։ Ի՞նչ տեղի ունեցավ մեկ ամսվա ընթացքում։ Պատասխանը պարզ է. բարձրակարգ գլխավոր մարզիչը հավաքականը դրեց ռելսերի վրա, և առաջխաղացումն իրեն երկար սպասեցնել չտվեց։

Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ վերջին հանդիպումներում մեր հավաքականը խաղաց տակտիկապես գրագետ և որակյալ ֆուտբոլ։ Ընդ որում, վերջին հաղթանակները մերոնք տոնեցին առանց առաջատար մի քանի ֆուտբոլիստների։ Վրաստանի դեմ հանդիպումը բաց թողեցին Հենրիխ Մխիթարյանը, Խորեն Բայրամյանը, Էդգար Բաբայանը։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ մրցավեճին այս ցուցակին միացան վրացիների դեմ խաղի հերոսներից Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև Անդրե Կալիզիրը։ Այո, կադրային խնդիրներ ուներ նաև Հյուսիսային Մակեդոնիան, բայց… Նույնիսկ ոչ մարտական կազմով մեր հավաքականում աշխատեց մեխանիզմը։ Այն մեխանիզմը, որը ներդրել է Կապառոսը։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչը վերջնականապես կոտրեց այն կարծրատիպը, որ ներկայիս կադրերով հնարավոր չէ խաղալ և արդյունքի հասնել։ Կապառոսը ապացուցեց, որ բարձրակարգ և բանիմաց մասնագետը կարող է եղանակ փոխել և առաջ տանել թիմին։ «Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- հաղթանակից հետո ասել էր Կապառոսը:

Իսպանացի մասնագետի խոսքով՝ հավաքականն ունի իր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնել: «Հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ավելացրել էր նա:

Մեր հաղթանակի կապակցությամբ Կապառոսին շնորհավորել էր նույնիսկ իսպանական հայտնի «Սևիլիա» ակումբը, որտեղ մեր մարզիչը երկար տարիներ աշխատել է։ «Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն: Շնորհավորում ենք Ազգերի լիգայի B լիգա բարձրանալու կապակցությամբ»,- գրված էր «Սևիլիայի» թվիթերյան էջում:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով զրկված լինելով ընկերական հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից՝ Կապառոսը Ազգերի լիգայի խաղարկությունը լավագույնս օգտագործեց, ըստ էության, նոր հավաքական կերտելու համար։ Կապառոսը լուծեց առաջին և կարևոր խնդիրը։ Հիմա Հայաստանն ունի հավաքական, որն ի զորու է պայքարել։ Եկել է առաջ շարժվելու ժամանակը։

Ինչևէ, վերադառնալով Լավագույն մարզիչ անվանակարգին՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Կապառոսը բարձր արդյունքի է ասել հավաքականի մակարդակով։ Լավագույն մարզչի մյուս թեկնածուները գլխավորում են ակումբներ։ Նրանց գրանցած արդյունքները, կարծում ենք, քննարկման և վերլուծության այլ առարկա են։ Ուստի ակումբային մակարդակով մեր երկրում տարվա լավագույն մարզչի հավակնորդներին և գլխավոր ֆավորիտին կանդրադառնանք առաջիկայում։