«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ․ ՄԵԾ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

31/08/2021

Պեր-լա-Շեզի գերեզմանատուն...

Ընդհանուր մի հայացքով անցա բոլոր շիրմաքարերի մոտից ու երկար կանգնեցի ճամփեզրին... Գրանիտյա պատվանդան, գրանիտյա ձի՝ վրան հայկական արծվաքթով, երկար բեղերով ու բարձր փափախով հեծյալը: Զորավար Անդրանիկն էր...

1927 թվականին Ամերիկայում իր մահկանացուն կնքած զորավարի աճյունը բերում են Փարիզ, որպեսզի այնտեղից փոխադրեն Հայաստան: Սակյայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում, և ֆրանսահայերը ստիպված այն հանձնում են հողին ու հանգանակված միջոցներով կառուցում այս հուշարձանը:

Փոքրիկ, շվարած, անարյուն մի ձի է: Հեծյալը, թերևս արտաքնապես նման, սակայն չունի իր մեջ հրեղեն այն խորհուրդը, որ ՙՙԱնդրանիկ՚՚ ասելիս, վրնջում, բաշերը թափ է տալիս ամեն մի հայի սրտում և Սասնա նժույգի պես դո՜ւրս սուրում քարանձավից...

Արձանը իր հույժ իրապաշտական ձևերով, հնաոճ ու միամիտ կատարմամբ չի ներդաշնակում շրջապատի՝ երևակայությամբ ու գյուտերով հարուստ հուշարձաններին: Բայց ներդաշնակո՞ւմ է արդյոք զորավար Անդրանիկի՝ Փարիզո՛ւմ, օտար այս գերեզմանատանը հանգչելու իրողությունը՝ պատմության և արդարության հետ: Ի՞նչ գործ ունի այստեղ Շապին-Կարահիսարի արծիվը, տանջահար կանանց ու մանուկներին թուրք փաշաների սրից փրկող, հայրենի հողի արյունն ու արցունքը որդիաբար սրբող Անդրանիկ փաշան...

Երկուսուկես ամսվա ընթացքում ամեն քայլափոխի սրտիս մեջ հառնած ու հարցականների կեռերով ուղեղիս խրված հարցումներին ավելանում է նաև այս մեկը, ավա՜ղ, ո՛չ վերջինը...