«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայերեն աղոթք սերբական նորակառույց տաճարի մուտքին. Հայ-սերբական հանդիպումներ Բելգրադում

19/04/2021

Աշխատանքային այցով Բելգրադում էր գտնվում Չեխիայում եւ համատեղության կարգով Սերբիայում  Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ 

Ապրիլի 2-ին Հայաստանի դեսպանը Բելգրադում այցելել է Սուրբ Սավայի նորակառույց Մայր տաճարը: Տաճարի երեք գլխավոր շքամուտքերի դարպասներին փորագրված են աղոթքներ, այդ թվում՝ նաեւ հայերենով:

Բելգրադում  դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը։ Զրուցակիցները վերահաստատեցին երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման հրամայականը, քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով Սերբիայի կառավարության որոշումը Երևանում Սերբիայի դեսպանության բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել նախարար Սելակովիչի պաշտոնական այցը Հայաստան։ Դեսպանը նաև բարձր գնահատական տվեց համավարակի դեմ պայքարում Սերբիայի իշխանությունների ջանքերին և շնորհավորեց պատվաստման հարցում գրանցված զգալի ձեռքբերումների համար։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Դեսպանը ընդգծեց հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հրամայականը, կոչ արեց դատապարտել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և կեղծման փաստերը:


Սերբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպանը նաև հանդիպումներ ունեցավ պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի, բազմակողմ դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Ալեքսանդար Տասիչի, քաղաքական տնօրեն Զորան Վույիչի և Ռուսաստանի և Եվրասիայի վարչության տնօրեն Միլան Միլոշևիչի հետ։

Ապրիլի 2-ին  դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի ու տեղեկատվության նախարար Մայա Գոյկովիչը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Սերբիայի միջև մշակութային համագործակցության հեռանկարները և հնարավորությունները մշակույթի և արվեստի բազմաթիվ ոլորտներում․ երաժշտություն, կինոարվեստ, միջազգային փառատոններին մասնակցություն։ Վերահաստատվեց Հայաստանի ցանկությունը՝ մաս կազմելու 2022թ․ տեղափոխված Նովի Սադի՝ որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, հաշվի առնելով, որ հայերը համարվում են քաղաքի հիմնադիր ազգերից մեկը։

ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց նախարարին Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և կեղծման փաստերը:

Նույն օրը  ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբական Ուղղափառ եկեղեցու նորընտիր Պատրիարք Պորֆիրին: Ջերմ և բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում խոսք գնաց հայ և սերբ ժողովուրդների ավանդական պատմական և հոգևոր կապերի և զուգահեռների մասին:

ՀՀ դեսպանը, շնորհավորելով Պատրիարքի ընտրությունը, հույս հայտնեց, որ Սերբ Ուղղափառ եկեղեցին իր զորակցությունը կհայտնի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի ենթարկված Արցախի ժողովրդին և կդատապարտի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և կեղծման փաստերը:

Սերբական Պատրիարքն արտահայտեց իր մտահոգությունը և խաղաղություն մաղթեց բարեկամ հայ ժողովրդին, իր հարգանքը հայտնելով Հայ Առաքելական եկեղեցուն: Նա դեսպանի ուշադրությանը ներկայացրեց նաև Կոսովոյում սերբական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների դեպքերը:

 Դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպում ունեցավ  նաեւ Սերբիայի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժարկո Օբրադովիչի և Սերբիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի նախագահ Ալեքսանդար Չոտրիչի հետ։

Կողմերը հաստատեցին երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը, քննարկեցին խորհրդարանների միջև երկոկղմ և միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպումների ընթացքում ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Դեսպանը ընդգծեց հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հրամայականը։

Դեսպանը նաև կարճատև հանդիպում ունեցավ Ազգային ժողովի անդամ Պրեդրագ Ռայիչի հետ:
 ORER.EU