«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի բռնազավթված տարածքները ստանում են իրավական կարգավիճակ

04/02/2022

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար, «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արթուր Հարությունյանը

Պարոն Հարությունյան, որքանո՞վ եք կարևորում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի ընդունումը, ի՞նչ մեխանիզմներ են սահմանվելու դրանով։

Նախ և առաջ իրավական հիմք պետք է լինի, այսինքն՝ այս տարածքները պետք է իրավական կարգավիճակ ստանան։ Այս օրենքի նախագծի հիմնական նպատակը հենց դա է։ Այդ թվում՝ մեր տեղահանված բնակիչների իրավունքների պաշտպանության հարցն է, մշակութային ժառանգության, բնական ռեսուրսների պաշտպանության հարցերը։ Այսինքն օրենքը կարգավորելու է բոլոր այդ իրավական հիմքերը, այս պահին օրենքի նպատակը սա է։

Կա դրույթ, որ բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սա իրագործելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

Դա ընդհանուր կոնտեքստից հանված մի դրույթ է։ Նախագծում նշված է, որ ցանկացած գործունեություն, որն իրականացվում է այդ տարածքներում և չի համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրությանը, համարվում է անօրինական։ Այսինքն՝ չպետք է միայն ներդրումների մասը տարանջատել, որովհետև տարբեր ուղղություններով ամեն մի գործունեության մասով պատասխանատվության իրավանորմերը կան։ Խոսքն ընդհանրապես այդ տարածքներում գործողությունների իրականացման, այդ թվում՝ ներդրումների մասին է, մեր մշակութային ժառանգության, բնական ռեսուրսների պահպանման մասին։ Այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրությանը, համարվում են անօրինական։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, ես արդեն նշեցի՝ այս պահին մենք նախ և առաջ պետք է ունենանք իրավական հիմքերը։

Բռնազավթված տարածքներ ասելով՝ այս նախագծում նկատի են առնվում Արցախի Հանրապետությանը պատկանող և 1994 թվականի, 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների հետևանքով բռնազավթված այն տարածքները, որոնք այս պահին մեր վերահսկողության տակ չեն։ Դրանք բոլորը համարվում են բռնազավթված տարածքներ, այսինքն՝ Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ դրանք ստանում են իրավական կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով։

Արցախցիները պարբերաբար բողոքի ակցիա են իրականցնում՝ բարձրացնելով իրենց փախստականի կարգավիճակ տալու հարցերը։ Այս նախագծով ինչպե՞ս է կարգավորվում տեղահանված արցախցիների հարցը։

Այս օրենքի ընդունմամբ բռնազավթված տարածքներում ապրած մեր քաղաքացիներն ստանալու են որոշակի կարգավիճակ։ Թե դա ինչպես կձևակերպվի, ժամանակը ցույց կտա, մենք այսօր ասում ենք բռնի տեղահանված մեր քաղաքացիներ։ Այսինքն՝ այդ օրենքի հիմքում նաև հենց այդ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցն էլ է, այն խախտումներն ու սահմանափակումները, որոնք տեղի են ունեցել, դրանք իրավական հիմք են։ Նախ և առաջ պետք է ինչ-որ իրավական ակտով սահմանվի՝ որո՞նք են համարվում բռնազավթված տարածքներ։

Այդ մեխանիզմը կարևոր է՝ նաև այդ անձանց հետագա վերադարձն ապահովելու համար, այդպե՞ս է։

Այո, միանշանակ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին է խոսքը։

Արցախի կարգավիճակի հարցի լուծման ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ներկայում։ Կան տեսակետներ, թե ինչո՞ւ Հայաստանն այս փուլում Արցախի ճանաչման գործընթաց չի նախաձեռնում։

Մենք բազմիցս ասել ենք՝ կա բանակցային գործընթաց, կա միջազգային ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այսինքն՝ համանախագահների ձևաչափով պետք է Արցախի Հանրապետության վերաբերյալ բոլոր հարցերը քննարկել, որովհետև միջազգային միակ ճանաչված ձևաչափը դա է։ Իհարկե, Ադրբեջանը հիմա փորձում է այդ ձևաչափից դուրս բերել գործընթացը, համարվում է, որ Արցախի հարցն արդեն լուծված է, բայց բնական է, որ միջազգային հանրությունն ու մենք բոլորս հասկանում ենք, որ այդ հարցը չի կարող ուժի կիրառմամբ լուծում ստանալ։ Հետևաբար, և կարգավիճակի, և դրանից բխող մյուս բոլոր հարցերը պետք է քննարկվեն այդ ձևաչափով։