«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա… Սիլվա Կապուտիկյանը իր այս բանաստեղծությամբ Ռոբերտ Քոչարյանին է վերադարձրել իր շքանշանը

07/02/2021

Այս տողերը Սիլվա Կապուտիկյանը գրեց 2004 թվականի ապրիլին, երբ իրավապահները աննախադեպ դաժանությամբ ցրեցին ընդդիմադիրների խաղաղ ցույցը, նախագահ Քոչարյանի նստավայրի դիմացից։ Սիլվա Կապուտիկյանն այս բանաստեղծությամբ վերադարձրեց նախագահին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որով պարգևատրվել էր 1998 թվականին, նույն նախագահից, ասելով, թե «Դա իմ հոգու ճարահատ ճի-չն եմ համարում՝ ընդդեմ այս անարդարությունների»։ Քոչարյանի պատասխանը չուշացավ․ «Ուղղակի ափսոսանք եմ հայտնում: Եթե ինքը չլիներ, ավելի կոշտ պատասխան կտայի»։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 
Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
Եվ իմ չմեռնելը տևելու է շատ երկար, 
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա: 
Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար, 
Առաջնորդներ չնչին եւ կեսկատար, 
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,

Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:
Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա 
Ու դարձրիք պատանդ, հլու  ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք, 
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց: 
Ու լլկեցիք հոգին եւ փշրեցիք նորից 88-ի հրաշք ժողովրդին. 
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի, եկավ հրապարակ, 
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան 
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ… 
Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, 
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան, 
Կախաղանի սյունից կախված անկախություն, 
Մեր լույս երազների խավարակուռ պատյան: 
Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք, 
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ, 
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:
Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի արժանացա, 
Որ նզովքի խոսք եմ ասում… հային. 
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա 
Եվ ապրեցի օրերն այս դիվային: 
Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում, 
Իսկ թե — անեծք վերին — մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա… 
Սիլվա Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանը իր շքանշանը վերադարձնելիս, իր նամակ հայտարարությունում գրել էր․ Ես, 1999 թվականին, ծննդյանս 80-ամյակի առթիվ հենց այդ ձեռքից ստացել եմ «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանի ամեն մի ազգավնաս քայլի ժամանակ, ցանկացել եմ ետ վերադարձնել այն: Ապրիլի 12-ի ողբերգական գիշերից հետո այլեւս երկմտելու տեղ չի մնացել հաստատ: Ուստի ես խորին ցավով եւ սուրբ Մեսրոպի հանդեպ անմեղ-մեղավորի անորսալի զգացողությամբ ետ եմ վերադարձնում ստացածս այդ շքանշանը, իմ այս քայլը համարելով հայ մտավորականի ցասման ու բողոքի արտահայտություն ստեղծված արգահատելի կացության դեմ: Վերջում ուզում եմ ասել հետեւյալը: ՀՀ-ում, ԱՀ-ում, Սփյուռքում ապրող ամեն մի հայ գիտակցում է, որ օր օրի ատամները սրող թշնամուն հիմնավորապես դիմակայելու համար այս պահին առավել է կարեւոր երկրի իրավիճակի կայունությունը, պետության ամրությունը: Բայց զենքով եւ բռնություններով ձեռք բերված կայունությունը երեւութական է, հղի՝ վա տթարագույն հետեւանքներով: Չի կարող իրական կայունություն լինել մի երկրում, որտեղ կա այսպիսի անջրպետ պետության ղեկավարի ու ժողովրդի միջեւ, կուշտուկուռ դղյակների եւ կիսաք աղցհյուղակների միջեւ, որտեղ որ տիրում է փոխադարձ ատելության մթնոլորտ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի վարած հաշվենկատ, հուսալի հենարան ստեղծելու

նպատակով ամեն մի փոքր եւ մեծ պաշտոնավայրում համերկրացի գլխավոր ունենալու անհեռատես քաղաքականության հետեւանքով երկատվել, մաս-մաս է եղել հայաստանցիների եւ արցախցիների միասնական ոգին, որի առջեւ ընկրկեց բազմապատիկ զինված թշնամին, եւ որի շնորհիվ նվաճվեց անառիկ Շուշին: Պարոն Քոչարյանը, եթե իսկապես մտահոգ է մեր հայրենիքի ճակատագրով, եթե ուզում է, որ վերականգնվի մեր ժողովրդի 2 հատվածների՝ 88 թվականին հրաշքներ գործող միասնականության ոգին, պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: Ուրիշ ելք չկա պարզապես:
Սիլվա Կապուտիկյան տասնչորս ապրիլի, 2004թվական, Երեւան